Մատչելիության հղումներ

Առնվազն 22 զոհ, ավելի քան 1030 վիրավոր Թուրքիայի արևելքում երկրաշարժի հետևանքով


Թուրքիա - Երկրաշարժի հետևանքով ավերված շենք Էլազիգում, 24-ը հունվարի, 2020թ․

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, ավելի քան 1030 վիրավոր կա, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Երեկ երեկոյան Էլազիգ նահանգի Սիվրիջե գավառի մերձակայքում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով, երկրաշարժից հետո 4 մագնիտուդ ուժգնությամբ 228 հետցնցում է գրանցվել:

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել աղետի վայրում, որտեղ 4 շենք հիմնովին ավերվել է: Վերջին ժամերին փլատակներից 39 մարդ է դուրս բերվել, այդ թվում՝ մի հղի կին: Տուժածները տեղափոխվել են շրջակա հիվանդանոցներ:

Փրկարարները տարհանել են մարդկանց երկրաշարժից տուժած շենքերից:

Վնասվել է նաև Ադըյամանի բանտը, կալանավորներին տեղափոխել են հարակից նահանգների բանտեր:

Առանց տանիքի մնացած հարյուրավոր մարդիկ գիշերել են մոտակա դպրոցի մարզասրահում:

Թուրքիայի ներքին գործերի, շրջակա միջավայրի և քաղաքաշինության ու առողջապահության նախարարները երեկվանից մեկնել են երկրաշարժի էպիկենտրոն: Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում քաղաքացիներին աջակցելու և աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Թուրքական Կարմիր մահիկը պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով հարյուրից ավելի բեռնատար է ուղարկել աղետի վայր:

Էլազիգի օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով, տարածաշրջանում հոսանքի և գազի մատակարարման խնդիրներ առայժմ չկան:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան մի շարք նահանգներում՝ Ադանայում, Հաթայում, Օսմանիյեում, Թունջելիում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Մալաթիայում, Մարդինում, Սամսունում, Թոքաթում, Չորում, Կայսերիում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում:

XS
SM
MD
LG