Մատչելիության հղումներ

«Էրեբունի Պլազա»-ում վնասազերծված և ձերբակալված անձը ցուցմունք չի տվել առանց փաստաբանի


Ոստիկանության ծառայողները «Էրեբունի պլազայի» մուտքի մոտ։ 23-ը հունվարի, 2020թ.

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ «Էրեբունի պլազայում» կրակոցներ հնչեցրած երիտասարդը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ ասելով, որ դա կանի միայն փաստաբանի ներակայությամբ։ Արդեն հանրային պաշտան է ներգրավվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ երիտասարդը երեկ երկու կրակոց է արձակել «Էրեբունի պլազայի» տարածքում։ Այս պահին 33-ամյա Արթուր Թորոսյանը հարուցված քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունի։ Հարուցված գործով դեռ որևէ անձ չի հարցաքննվել։ Իսկ թե ինչն էր դրդել երիտասարդին նման քայլի դիմել կամ ինչ պահանջներ էր նա ներկայացնում, Քննչական կոմիտեից դեռ չեն պարզաբանում:

Երեկ վնասազերծումից հետո Արտաշատի բնակիչ Արթուր Թորոսյանը ձերբակալվել էր։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու և ավելի անձանց պատանդ վերցնելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, փոխադրելու, ինչպես նաև հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Արթուրի մայրը երեկվա դեպքերից հետո ուշքի չի գալիս՝ որդին ինչպե՞ս նման քայլի գնաց, գամված հեռուստացույցի առջև առավոտից լրատվությանն էր հետևում: Խոսել չի ցանկանում:

Երիտասարդի մորաքույրն ու ծանոթները զարմացած են տեղի ունեցածից, դեռ չեն հավատում, որ Արթուրը կարող էր նման քայլի գնալ։ Մորաքույրն ասաց, որ տղան սովորել է Մանկավարժական համալսարանում, այս պահին էլ Պետական Կառավարման ակադեմիայի ուսանող է:

«Մենք ոչ մի բան չգիտենք, չգիտենք ինչ է կատարվել իր հետ։ Ինքը Կառավարման ակադեմիայում է սովորում... Հանելուկ է մեր համար», - ասաց նրա մորաքույրը։

Պետական Կառավարման ակադեմիայից հայտնեցին, որ Արթուր Թորոսյանն այլևս իրենց բուհի ուսանող չէ, ակադեմիայից դուրս է մնացել հենց առաջին տարվա երկրորդ կիսամյակից՝ քննությունները չհանձնելու պատճառով: Նա իրավագիտության ամբիոնի ուսանող է եղել:

Հարևանների ու ծանոթների համար էլ էր տարօրինակ միջադեպը: «Մինչև հիմա ոչ հավատում ենք, ոչ էլ պատկերացնում ենք, որ կարող է ինքը լինի։ Անգամ հեռուստացույցով նայում էինք, էլի չէինք հավատում։ Ասում էինք՝ Արթուրը չի։ Նման բան իրանից ոչ մեկ չէր սպասում», - հավելեց երիտասարդի ծանոթներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ոստիկանությունն ժամը 14.40-ին, ​ահազանգ էր ստացել, որ «Էրեբունի Պլազայում» զինված անձ կա։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր: Զինված տղամարդու հետ բանակցություններ էր վարել անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների արդյունքում անձը հանձնել է հրազենը, ապա տեղափոխվել ոստիկանություն:

Միջադեպի հետևանքով, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ոչ ոք չի տուժել:

«Էրեբունի Պլազա»-ում են գտնվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես նաև նրա անվան հետ կապվող «5-րդ ալիք» հեռուստաընկերության ու Yerevan.today կայքի խմբագրությունները։

XS
SM
MD
LG