Մատչելիության հղումներ

Նորաստեղծ ՌՕՔԵՄՓ կենտրոնը անցկացնում է իր առաջին միջազգային գիտաժողովը


«Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրի ներքո հունվարի 23-24-ին Մատենադարանում է անցկացվում է միջազգային մի գիտաժողով, որը կազմակերպել է մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային նորաստեղծ, Ազգային պատկերասրահի ենթակայությամբ գործող ՌՕՔԵՄՓ կենտրոնը։

Կենտրոնի տնօրեն Անի Ավագյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ 2019 թվականին կենտրոնի հիմնադրմանն ու գործունեությանը մեծ չափով աջակցել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իտալիայի կառավարությունը. - «Կենտրոնը ստեղծվել է 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնիայի համալսարանի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում և ֆինանսական աջակցություն է ստանում Իտալական համագործակցության գործակալությունից, որը Իտալիայի կառավարության մաս է, նաև մեր մշակույթի նախարարությունից։ Նաև Բոլոնիայի համալսարանն է մասնակի ֆինանսական աջակցություն տրամադրում»։

Ներկայացնելով նորաստեղծ կենտրոնի առաքելությունը՝ Ավագյանն ասաց. - «Կենտրոնի նպատակն է մշակութային ժառանգության կառավարմանը, պահպանությանը և արժեվորմանն ուղղված խնդիրների վերհանումը, դրանց ուղղությամբ միջազգային փորձի ներգրավմամբ որակի չափանիշների սահմանումը և խորհրդատվություն տրամադրել Մշակույթի նախարարությանը՝ սկսած հուշարձանների վերականգնման գործընթացներից, համայնքի հետ տարվող աշխատանքներից։ Խնդիրները բազմաթիվ են»։

Ընթացող գիտաժողովի նպատակների մասին նա ասաց. - «Այս միջազգային գիտաժողովը կենտրոնի անդրանիկ վեհաժողովն է, նպատակը այդ մասնագիտական համագործակցության մեկնարկն է և՛ ազգային, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային ֆորմատում։ Այսօր մենք ունենք շատ կարկառուն մասնագետներ և՛ Հայաստանից, և՛ Թուրքիայից, Իրանից, Լիբանանից և Իտալիայից։ Մենք հիմա պետք է ավելի շատ ուսումնասիրենք խնդիրները, վերհանենք դրանք, ռազմավարություն ձևավորենք։ Պիտի փորձենք ոլորտային ռազմավարական ծրագրեր մշակել և առաջարկել նախարարությանը կամ համապատասխան մարմիններին՝ գործնական քայլեր անելու համար»։

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իրենց նաև դասընթացներ են կազմակերպելու. - «Առաջիկայում հայտարարություն ենք տարածելու մասնակիցների գրանցման մեր առաջիկա դասընթացին, որը ուղղված է մշակութային ժառանգության ոչ-շարժական օբյեկտների պահպանությամբ և վերականգնմամբ զբաղվող մասնագետներին ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան երկրներից։ Դասընթացը անվճար է լինելու, դասախոսները ժամանելու են Բոլոնիայից։ Շուրջ չորս ամիս մասնագետները վերապատրաստվելու են, փորձի փոխանակում են ունենալու»։

Անդրադառնալով հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման վիճակին՝ Անի Ավագյանը նշեց. - «Փաստ է, որ հայկական պատմամշակութային ժառանգությունը մեր հարևան երկրներում լավագույնս պահպանվում է Իրանի տարածքում։ Մնացած երկրների պարագայում գիտենք, որ տարբեր պատմաքաղաքական իրողությունների արդյունքում նույնիսկ ավիրում են, կամ պարզապես պահպանություն չի իրականացվում, դրանք ժամանակի հետ ոչնչանում են։ Իհարկե քաղաքականության մեջ չենք մտնելու, դա կենտրոնի առաքելությունը չէ, բայց շատ հարցեր լուծվում են անհատների մակարդակում՝ անհատական շփումներով, անհատական կապերով, գործընկերների ներգրավմամբ, և բարի տեսլական ունենք այդ ուղղությամբ։ Շատ են խնդիրները, բայց որևէ ջանք և եռանդ չենք խնայելում և լիահույս եմ, որ բազմաթիվ խնդիրներին լուծում կտրվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG