Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Հոլոքոստի հիշողության շաբաթ»


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարության
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարության

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է, ևառաջին անգամ այս կապակցությամբ հունվարի 24-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «Հոլոքոստի հիշողության շաբաթ» խորագրի ներքո մի շարք միջոցառումներ է կազմակերպում՝ նվիրված Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրմանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին։

«Ազատության» հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը շեշտում էր, որ նման նախաձեռնությամբ թանգարան-ինստիտուտը մինչև այժմ երբեք հանդես չէր եկել. - «Ամսի 24-ին ամեն տարի Հայաստանի հրեական համայնքը հավաքվում է Հոլոքոստին և Մեծ Եղեռնին նվիրված հուշարձանի մոտ։ Մենք նույնպես այնտեղ ներկա կլինենք։ Քանի որ ամսի 27-ին տիկին Ռիմա Վարժապետյանը մեկնում է Աուշվից, որտեղ լինելու են հիմնական միջոցառումները, ամսի 29-ին այստեղ թանգարանի գիտաժողովների դահլիճում բացման խոսք կլինի, հետո Հոլոքոստի օրվա խորհրդի մասին կզեկուցի պարոն Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը դասավանդում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում հենց ցեղասպանություն։ Տիկին Ռիմա Վարժապետյանը կկիսվի աուշվիցյան տպավորություններով ու հետո ես»։

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հոլոքոստին նվիրված թեմաներով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կհնչեն ուշագրավ մի շարք բանախոսություններ՝ «Հոլոքոստի հիշատակի օրվա խորհուրդը», « Հայոց ցեղասպանության և Հրեից Հոլոքոստի կառուցվածքային առանձնահատկությունները», « Հրեաների զանգվածային բնաջնջման նախապատրաստումն ու իրականացումը հիտլերյան վարչակարգի կողմից» և այլ զեկույցներ։

«Եթե մենք կարողանանք գտնել բարերարներ, ապա հաջորդ անգամներին մենք կկարողանանք հրավիրել նաև դասախոսներ դրսից», - ասաց Մարությանը՝ շարունակելով. - «Մենք ունենք գործնական, մասնագիտական հարաբերություններ։ Անցյալ տարվա սկզբին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամից եկան մեր գործընկերները։ «Շոա» հիմնադրամը ունի մոտ 50 հազար տեսաձայնագրություններ Հոլոքոստը վերապրողների։ Նրանք հետաքրքրված էին մեր տեսաձայնագրություննով, որովհետև դա առաջին հերթին կրթական նշանակություն ունի այս պահին։ Իհարկե դա պատմությունը վավերագրելու լավագույն ձևերից մեկն է, որ նրանք շատ լավ կարողանում են անել։ Նրանք հետաքրքրված էին, թե մենք ինչ ունենք։ Մենք կիսվեցինք մեր տվյալներով։ Անցյալ տարվա վերջին Փարիզի «Շոա» թանգարանի ներկայացուցիչները եկան մեզ մոտ, և մենք թարմացնելու ենք տարիներ առաջ կնքված համագործակցության պայմանագիրը։ Ոչ մի խնդիր մենք չունենք մեր հրեա գործընկերների հետ»։

Նա ասաց, որ թանգարանի աշխատակիցներից մի քանիսը վերջին տարիներին եղել են Երուսաղեմում, մասնակցել են գիտաժողովների. - «Ես ինքս եղել եմ 2012 թվականին՝ մասնակցելով «Հոլոքոստի դասավանդումը 21-րդ դարում» սեմինարին։ Լավ հարաբերություններ ունենք։ Այսօր կարդացի, որ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կնեսետի նախագահի հետ և բարձրացրել է Ցեղասպանության ճանաչման հարցը»։

Հարություն Մարությանի խոսքով, «Հոլոքոստի հիշողության շաբաթը» սկիզբ կդնի, կձևավորի մի նոր ավանդույթ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ողջ տարվա ընթացքում կանցկացնի տարբեր ազգերի ցեղասպանություններին նվիրված Հիշողության շաբաթներ. - «Մենք ուզում ենք Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների, որոնք նույն ցեղասպանության դառը ճակատագիրն են կիսել՝ հայտնվելով Հայաստանում, նկատի ունեմ ասորիներին, հույներին, եզդիներին, նաև նրանց նվիրված հիշողության օրեր կամ հիշողության շաբաթներ կազմակերպել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG