Մատչելիության հղումներ

«Յուքոմ»-ը հնարավոր է գնի «Բիլայն»-ը


Կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերությունը հնարավոր է ամբողջությամբ գնի «Վեոն»-ի հայաստանյան բիզնես «Բիլայն» ապրանքանիշը։ Երկու ընկերությունները պաշտոնապես հաստատել են այս լուրը:

«Յուքոմ» ընկերությունից հայտնում են՝ դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներին և այժմ պատասխանի են սպասում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) «Ազատությանը» փոխանցեցին՝ այժմ քննարկումներ են ընթանում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց հանձնաժողովի նախնական դիրքորոշումը. «Այնուամենայնիվ բոլոր հաճախականությունները, որոնք որ այս պահին առկա են, իրենք միշտ պետք է հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար, այսինքն՝ կամ երեք օպերատոր պետք է լինի, կամ պետք է միշտ հնարավորություն լինի, որպեսզի երրորդ օպերատորը մուտք գործի շուկա»։

Հայաստանում այժմ բջջային կապի երեք օպերատոր է գործում՝ «Բիլայնը»-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ու «Յուքոմ»-ը, վերջինս բջջային կապի շուկա է մտել 2015-ին՝ գնելով «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը։

Փոխվարչապետը պնդում է՝ մոնոպոլ շուկայի ստեղծումը թույլ չտալու համար ամբողջական գործիքակազմ ունեն։

«Մենք ունենք նույնիսկ գործիքակազմ, որով որ հենց նույն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ունի հնարավորություն ընկերություններ տրոհելու», - ասաց Ավինյանը։

«Յուքոմ» ընկերության կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է. «Ակնկալվում է, որ հնարավոր գործարքը կհանգեցնի ավելի հաճախորդամետ առաջարկների մշակմանն ու ընկերության բարելավված ենթակառուցվածքի։ Առաջարկվող գործարքից բխող սիներգիան թույլ կտա Ucom-ին ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների և ցանցի հզորացման ուղղությամբ, մշակել ավելի լավ կոնվերգենտ առաջարկներ և գերազանցել շուկայի ակնկալիքները՝ հաճախորդներին մատուցելով ֆիքսված և շարժական կապի բարձրորակ ծառայություններ»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերլուծության են ենթարկվելու ոչ թե երկու ընկերությունները, այլ այդ ընկերությունների մատուցած ծառայությունների շուկաները՝ բջջային կապը, ֆիքսված կապը, հեռուստահաղորդակցության ոլորտը։

«Կարծում եմ՝ էդ վերլուծությունների ավելի բովանդակային քննարկման ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր դիրքորոշումը կասի, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր դիրքորոշումը կասի։ Այստեղ նաև օրենքով նախատեսված է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է իր կարծիքը տա հարցի վերաբերյալ։ Այս բոլոր կարծիքները համադրելով, կարծում եմ, մենք կունենանք վերջնական պատասխան՝ արդյոք այս միավորումը հնարավոր է», - նշեց փոխվարչապետը։

Ամիսներ առաջ արված «Սիվիլնեթ»-ի հրապարակման համաձայն, «Յուքոմ»-ի բաժնետոմսերի 24 տոկոսը պատկանում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, այժմ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի յուրացման կամ վատնման համար մեղադրվող Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, 10,5 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկ»-ին, 6,3 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն։ «Սիվիլնեթ»-ի ունեցած տեղեկության համաձայն՝ «Յուքոմ»-ի մնացած բաժնեմասերը պատկանում են Կիպրոսում գրանցված «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG