Մատչելիության հղումներ

Վարչապետ. ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա


Կառավարությունում միասնական տեսակետ չկա Առողջապահության նախարարության կողմից ներդրված հայեցակարգի շուրջ, որով առաջարկվում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցապնդմանը, թե սրանով քաղաքացիների բեռը կավելանա:

«Կառավարությունում այդ առիթով միասնական որոշում չկա, հայեցակարգը հրապարակվել է հանրային բանավեճ հարուցելու համար, մենք ձևակերպել ենք մեր խնդիրը, և դա հետևյալն է, որ ՀՀ-ի ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա, և մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ եկամտահարկի չափի փոփոխություն է տեղի ունեցել, այն շարունակվելու է, և տեսանելի փուլում եկամտահարկը դառնալու է 20 տոկոս միասնական, առնվազն 20 տոկոս. - «2020 թվականի հունվարի 1-ից տեղի ունեցող եկամտահարկի փոփոխությամբ ու գումարած, որ նվազագույն աշխատավարձն ավելացել է, քաղաքացիները առանց աշխատավարձի դրույքաչափերի փոփոխության ամեն ամիս 2.5 միլիարդից 4 միլիարդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու»:

Պատգամավորը չի համարում, որ սա առողջապահական ապահովագրության լավագույն մոդելն է, կան այլ մոդելներ, օրինակ՝ երբ պետությունն ինքն է ֆինանսավորում խոցելի խավերին, այսինքն՝ բեռը բաշխվում է ոչ միայն աշխատողների վրա, այլ բոլոր հարկատուների:

Վարչապետը կրկին ասաց՝ այս պահին ոչ մի մոդել չի ընտրվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG