Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Դավոսում մի շարք հանդիպումներ է ունեցել, որպես բանախոս է հանդես եկել


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հանդիպումը, Դավոս, 21-ը հունվարի, 2020թ.

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունենում պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ երեկ կայացել են Արմեն Սարգսյանի հանդիպումները Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի, Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի, «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի, Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի, «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ։

Սումա Չակրաբարտիի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թվականի ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ երկրի առաջարկությունը։

Նույն օրը Հայաստանի նախագահը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը: Արմեն Սարգսյանի հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը, ով եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլիթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը և գլխավոր տնտեսագետը, մի շարք հետազոտությունների հեղինակ է։

«Մենք ապրում ենք անորոշ, անկանխատեսելի աշխարհում: Ես միշտ մտածել եմ, որ անորոշությունը հնարավորություն է ստեղծում: Հնարավորություններ են բացվում փոքր երկրների համար, քանի որ տեխնոլոգիական առումով մենք բոլորս սկսում ենք նույն մակարդակից: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ կան շատ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, հիանալի կրթական համակարգեր ծրագրավորման ոլորտում։ Ամեն ինչ փոխվելու է, քանի որ ապագայում մեքենաշինության համար այլևս գործարաններ անհրաժեշտ չեն լինի: 5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առևտրի կենտրոն, մինչև ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ: Սա է իրականությունը», - իր ելույթում մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը։

«Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց ես մտածում եմ Հայաստանում նավահանգիստ ստեղծել, Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում: Այստեղ մենք հանդիպում ենք այլ խնդիրների՝ տվյալների հետ կապված ռիսկեր, կարգավորումներ և այլն: Բայց եթե մենք գնում ենք ստարտափ ունենալու ուղղությամբ, ապա գաղափարն է դառնում ամենահզոր գործիքը», - նշել է Արմեն Սարգսյանը։

«Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ՝ երիտասարդների աշխարհ է լինելու», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

XS
SM
MD
LG