Մատչելիության հղումներ

Դժբախտ պատահար Չեխիայում. հակահրդեհային դռները հրդեհից 8 մարդու զոհվելու պատճառ են դարձել


Հրդեհ, արխիվային լուսանկար
Հրդեհ, արխիվային լուսանկար

Չեխիայում շարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց տուն-կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել, շուրջ երեք տասնյակ մարդ տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ է ստացել, նրանցից երեքի վիճակը ծանր է։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Պրահայից մոտավորապես 130 կիլոմետր հեռու՝ Չեխիայի հյուսիս-արևմուտքում, Գերմանիայի հետ սահմանին գտնվող Վեյպրտի քաղաքում։ Այս քաղաքը և գերմանական Բերանշտեյն քաղաքն իրար կպած են՝ Գերմանիայից ևս բժիշկներ են օգնության հասել։

Հրդեհի հետևանքների մասին հայտնել է փոխոստիկանապետ Պետր Սիտարը։ «Շենքի ներսում 35 մարդ է գտնվել, 8-ը մահացել են, 27-ը վիրավորվել են։ Վիրավորվել են նաև հաստատության երեք աշխատակից և Վեյպրտիի մեկ ոստիկան», - փոխանցել է Սիտարը։

Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Յանա Մալասովան ասել է, թե հաջորդ օրն առավոտյան նախարարության աշխատակիցները կլինեն տեղի քաղաքապետարանում, և տուժածներից յուրաքանչյուրին կառաջարկվի 50 հազար կրոնի օգնություն։ Այսօրվա փոխարժեքով չեխական 50 հազար կրոնը մոտավորապես 2250 ամերիկյան դոլար է։

Շարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց ձայները հաստատության աշխատակիցները չեն լսել նոր տեղադրված դռների պատճառով։

Վեյպրտիի քաղաքապետ Յիտկա Գավդունովան լրագրողներին ասել է, թե հակահրդեհային բոլոր կարգավորումները պահպանվել էին։

«Ընդամենը երկու ամիս առաջ մենք տեղադրել էինք հակահրդեհային նոր դռներ՝ 200 հազար չեխական կրոնով։ Քննիչները հիմա ուսումնասիրում են հրդեհի պատճառները, բայց իմ կարծիքով, որքանով ես լսել եմ՝ այդ հակահրդեհային դռները կարող են և անարդյունավետ լինել։ Դրանք կանխել են հրդեհի տարածումը շենքով, բայց ծուխը պահել են սենյակի ներսում, ինչը մարդկանց մահվան պատճառ է դարձել», - ընդգծել է քաղաքապետը։

«Դռները նաև ձայնամեկուսիչ են, ուստի աշխատակիցները, որոնք սովորաբար սենյակից դուրս են լինում, ոչինչ չեն լսել», - հավելել է Գավդունովան։

Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG