Մատչելիության հղումներ

Ըստ պատգամավոր Մկրտչյանի, ծախսերն Ալավերդիում անարդյունավետ են, գումարները փոշիացվել են


Պատգամավոր Արեն Մկրտչյան, 18-ը հունվարի, 2020թ.
Պատգամավոր Արեն Մկրտչյան, 18-ը հունվարի, 2020թ.

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ուսումնասիրել է Ալավերդի համայնքում անցած տարի կատարված ծրագրերն ու եզրակացրել, որ ծախսերն այստեղ անարդյունավետ են, գումարները փոշիացվել են։

Ըստ Արեն Մկրտչյանի, 2019 թվականին ծախսված ավելի քան 150 միլիոն դրամով համայնքի զարգացմանն ուղղված որևէ ծրագիր չի արվել։

«Հիմնականում ոչ նպատակային և ոչ նպատակահարմար ծախսեր են արվել. Հենապատերի վերանորոգում՝ ավելի քան 20 միլիոն դրամի, ինչ-որ կանգառների կառուցում համայնքներում, այդ թվում՝ գյուղերում, որտեղ տրանսպորտ ուղղակի չի աշխատում, որի վրա ավելի քան 7 միլիոն են ծախսել։ Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհահատվածին այս պահին փոսալցման աշխատանքներ են արվում, այն հատվածում, որտեղ օրեր անց կառավարության հատկացրած գումարներով 5 կմ ամբողջությամբ ճանապարհը պետք է հիմնանորոգվի և ասֆալտապատվի։ Այսինքն՝ սա քաղաքացիների միջոցները քամուն տալու հերթական ակնբախ օրինակն է», - նշեց Մկրտչյանը։

Ալավերդիում դեռ անցած տարեսկզբին ծիծաղելի պատմությունների ու անվանարկումների առիթ դարձավ քաղաքի ոչ բանուկ հատվածում կառուցված շուկան։

Մետաղյա ոչ հիմնական կառույցը Ալավերդու արդեն չգործող պղնձաձուլարանի հարակից տարածքում է։ Մի կողմում երկաթգիծն է, մյուս կողմում ավտոճանապարհը՝ խորհրդային տարիների արդեն ավերակի վերածված փոստի շենքով։ Տարածքում մի քանի երկհարկանի բնակելի շենք կա։ Խիտ բնակեցված Սարահարթ թաղամասի հետ կապող ճոպանուղին ևս վաղուց չի աշխատում։

Մետաղյա թիթեղներով և ապակիներով հավաքված շուկայի վրա անցած տարի համայնքը ծախսեց 7 միլիոն դրամ։ Դա հեգնեցին ալավերդցիները, բայց ամիսներ անց պարզվեց, որ այդ գումարը ծախսվել է կառույցի վրա՝ առանց ներքին հարդարման։ Անցած տարեվերջին համայնքապետարանը նոր մրցույթ է անցկացրել և շահած «Մարլիվա» ՍՊԸ հիմնադիր-ղեկավարին հատկացրել ևս 2 միլիոն դրամ կառույցը շուկա դարձնելու համար։ Այժմ ընկերությունն իրականացնում է շինարարությունը։

«Առևտրական տաղավարներ են, տեսանկարահանող սարքեր են, էդ լրիվ մենք ենք տեղադրելու, մեկ էլ առաստաղն ա», - ասաց «Մարլիվա» ընկերության սեփականատերը։

Տարիներ առաջ Քաղաքի կենտրոնում դեռ խորհրդային շրջանի շուկայի շենքը սեփականաշնորհեցին Ալավերդիում քաղաքապետ, այնուհետև Լոռու մարզպետ աշխատած Արթուր Նալբանդյանն ու իր երկու ընկերները։

Նրանց պատկանող «Կատա» ընկերությունն այդ շենքը սուպերմարկետ դարձրեց, որ մինչև այսօր էլ աշխատում է։ Իսկ գյուղմթերքի վաճառք իրականացվում է հիմնականում բացօթյա տարածքներում։ Առևտրով զբաղվողները հրաժարվում են տեղափոխվել նորակառույց շուկա, քանի որ, ըստ նրանց, ոչ բանուկ և անհարմար տարածքում գնորդներ չեն ունենա։

Մեկ տարի առաջ Լոռու մարզից ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Արեն Մկրտչյանն ասում է. «Ես շատ տարօրինակ եմ համարում կառուցել շուկա, որը որևէ կերպ չեն կարողանում գործարկել և շատ դժվարությամբ են գործարկելու՝ շատ անհասկանալի վայրում, շատ անհասկանալի ինչ-որ կառույց»։

Պատգամավորը շեշտում է, որ քաղաքի հանրապետական ղեկավարները տարիներ շարունակ սանտիմետր առ սանտիմետր վաճառել են քաղաքի ներդրումների համար նպաստավոր բոլոր հատվածներն ու շինությունները։

«Ալավերդին դարձրել են մեծածախ առևտրի կենտրոն բաց երկնքի տակ, ու սա ներդրումային միջավայրի համար լրջագույն խոչընդոտ է հանդիսանում ու վիժեցվում են կարևորագույն ներդրումային ծրագրեր ինչպես Ալավերդիում աղբատար ավտոմեքենաների գործարանի կառուցման ծրագիրն էր, երբ ներդրողից 1 միլիոն դոլար պահանջեցին մի ավիրված շենքի համար, որը տարիներ առաջ մասնավորեցրել էին կոպեկներով», - ընդգծեց Արեն Մկրտչյանը։

ԱԺ պատգամավորն այստեղ քաղաքը աղետալի վիճակի հասցնելու միտում է տեսնում և իրավապահների ուշադրությունը հրավիրում տեղի իշխանությունների գործողությունների վրա՝ համոզված, թե այստեղ լուրջ ազդեցություն ունեն «քրեական տարրերը»։

«Բոլոր քրեական էլեմենտները Ալավերդի քաղաքում և քաղաքը բոլոր գռփածները մեկ առ մեկ պետք է ենթարկվեն ֆիտոսանիտարական մաքրման։ Մեկ առ մեկ թակելու են բոլոր կոռումպացվածների դռները, և սրանում ես որևէ կասկած չունեմ։ Շատ անհանգիստ նստեք ձեր տեղերը և սպասեք ձեր հերթին», - ասաց Մկրտչյանը։

Հարություն Ձավարյան, 18-ը հունվարի, 2020թ.
Հարություն Ձավարյան, 18-ը հունվարի, 2020թ.

Համայնքի ավագանու անդամ Հարություն Ձավարյանը համարում է, որ ստեղծված իրավիճակի պատճառը համայնքապետ Սասուն Խեչումյանի անգործությունն է։ Թեև որոշումները կայացվում են ավագանու կողմից, բայց շեշտում է, որ համայնքապետարանի աշխատակազմը եկամուտների հավաքագրումը վատ է իրականացնում, խոշոր միջոցներ չեն գոյանում։ Իսկ եղածն էլ՝ մանր ու ոչ արդյունավետ ծրագրերով փոշիացվում է։

«Այսինքն՝ մեր բյուջեն ուղղակի մխսված է։ Եթե չեն էլ գողացել, կարող ա գողացել էլ են, դա մի քիչ դժվար ա վերահսկել, եթե անգամ չեն էլ գողացել, ուղղակի անարդյունավետ են ծախսել, էդ գումարներով, պետության ֆինանսավորմամբ, էսօր մենք շատ ավելի լուրջ ծրագրեր կարային իրականացնեին», - ասաց Ձավարյանը։

Օրերս, «Ազատությանը» տված հարցազրույցում Լոռու մարզպետը ևս կոշտ քննադատության էր ենթարկել Ալավերդի համայնքի ղեկավարին ու նշել, թե նա պետք է հրաժարական տա կամ հեռանա ժողովրդի ճնշմամբ։

«Ազատության» հարցին՝ այսօր հնարավո՞ր է Ալավերդի համայնքի ղեկավարի հրաժարականը, թե՞ ոչ, ավագանու անդամ Հարություն Ձավարյանը պատասխանեց. «Եթե այսպես շարունակվի, այսինքն ինքն ունենա և՛ իշխանության կողմից բողոքներ, և՛ հասարակության, իհարկե, հնարավոր է։ Ինքը ընտրովի մարմին է, ինքը կարա որոշի, մեկ էլ ավագանին կարա որոշի։ Կարծում եմ՝ այսօրվա ավագանին ի վիճակի չի որոշում կայացնելու համայնքապետ փոխելու մասին՝ կամքի դրսևորման խնդիր կա։ Այսինքն կա բողոք ավագանիների կողմից, բայց մասնակցություն ունենալու ցանկություն չկա»։

Հարցին էլ՝ կարծում է նախկիններից կախվածություն ունենա՞լն է պատճառը, Ձավարյանը պատասխանեց. «Չէ, մի քիչ ավելի մենթալիտետային խնդիր կա»։

Ալավերդու ղեկավար Սասուն Խեչումյանը հրաժարական կտա, թե՞ ոչ, հայտնի չէ։ Այսօր նա հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Բայց Ալավերդու խնդիրներին խորապես ծանոթ պատգամավոր Արեն Մկրտչյանը նշում է, որ համայնքապետը պետք է դուրս գա փողոց և պատասխան տա ալավերդցիներին այս ստեղծված աղետալի իրավիճակի համար։

«Իսկ վիճակն աղետալի է, որովհետև քաղաքի զարգացման պատասխանատուները իրենց բուն գործառույթն անելու փոխարեն տարբեր կորպորատիվների ժամանակ քաղաքը տարիներ ի վեր կեղեքած, թալանածների կենացներն են խմում՝ ոտնկայս, դողացող ձեռքերով ու ծնկներով», - ասաց Մկրտչյանը։

Նշենք, որ 2017 թվականին՝ Ալավերդու խոշորացումից հետո տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում Հանրապետական կուսակցությունն առաջադրեց Սասուն Խեչումյանի թեկնածությունը, որ այդ ժամանակվա մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմակիցն էր և բաժին էր ղեկավարում մարզպետարանում։

Մինչ նրա առաջադրվելը քննարկվում էին գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանի անունները, բայց ներքին քննարկումներից հետո Հանրապետականը որոշում կայացրեց առաջադրել Սասուն Խեչումյանին, որն ընտրվեց առանց մրցակցի։

Պաշտոնից հեռացած քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, որը ևս նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի ընկերն էր, նշանակվեց Էլեկտրական ցանցերի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն և աշխատում է մինչև այսօր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG