Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետը հրաժարական ներկայացրեց սկանդալային գաղտնալսման ֆոնին


Ուկրաինա - Վարչապետ Օլեքսի Հոնչարուկը խորհրդարանում, Կիև, 17-ը հունվարի, 2020թ.

Աղմկահարույց գաղտնալսման ֆոնին այսօր հրաժարականի մասին հայտարարեց Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Հոնչարուկը:

Հրապարակված այդ ձայնագրությունում ենթադրաբար Հոնչարուկը քննադատում է նախագահ Վլադիմիր Զելենսկուն, պնդում, թե նա տնտեսությունից ոչինչ չի հասկանում:

Անցած տարվա օգոստոսի 29-ից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հոնչարուկը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է ձայնագրության իսկությունը, սակայն հայտարարել է, որ վերջին շրջանում անձամբ իր, ինչպես նաև իր գլխավորած կառավարության դեմ մեդիահարձակումներ են իրականացվում կոռուպցիոներների և չարամիտների կողմից:

Այսօր ֆեյսբուքյան էջում հրապարակելով իր հրաժարականի մասին հայտարարությունը՝ Հոնչարուկը նշել է, թե հեռանում է նախագահի նկատմամբ վստահությունը չխարխլելու նպատակով:

«Ես այս պաշտոնը ստանձնել եմ նախագահի ծրագիրն իրականացնելու համար, նա ինձ համար արժանապատվության և թափանցիկության օրինակ է», - գրել է ուկրաինական կառավարության հեռացող ղեկավարը և հավելել. - «Այնուհանդերձ, որպեսզի չխարխլվի նախագահի նկատմամբ վստահությունն ու վերանան կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել»:

Ուկրաինայի ամբողջ պատմության ընթացքում ամենաերիտասարդ վարչապետը դարձած 35-ամյա Ալեքսեյ Հոնչարուկը, ըստ համացանցում հայտնված ձայնագրության, Ազգային բանկի ղեկավարի և ֆինանսների նախարարի հետ քննարկում է երկրի տնտեսական քաղաքականությունն ու այդ ընթացքում վիրավորական բառեր հնչեցնում նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին՝ կասկածի տակ դնելով Ուկրաինայի առաջնորդի տնտեսական գիտելիքները։ Նա «տարրական, այսինքն՝ հասարակ պատկերացումներ ունի տնտեսական գործընթացների մասին», - ասում է ենթադրաբար Հոնչարուկը և ավելացնում, որ Զելենսկին «լրիվ դիլետանտ է տնտեսական հարցերում»:

Աղմկահարույց այդ ձայնագրությունը հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան՝ Youtube-ում նույն օրը ստեղծված «Ինչպես խաբել նախագահին» ալիքով:

Ոչ պաշտոնական այդ քննարկումը, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ: Այդ զրույցի ընթացքում ուկրաինացի պաշտոնյաները մասնավորապես փորձում են հասկանալ՝ ինչպես պետք է նախագահին բացատրել, թե ինչու է ուկրաինական տարադրամի դիրքերի ամրապնդումը հանգեցրել երկրի տնտեսությունում մի շարք խնդիրների: Անցած տարվա ընթացքում Ուկրաինայի ազգային արժույթը ամերիկյան դոլարի նկատմամբ ամրապնդվել է մոտ 17 տոկոսով, միևնույն ժամանակ՝ բյուջեի եկամուտները կրճատվել են մոտ 2 միլիարդ դոլարով, ինչի հետևանքով կառավարությունը ստիպված է եղել սառեցնել որոշ ծախսեր:

Գաղտնի ձայնագրված այդ քննարկումը չհերքող Հոնչարուկի խոսքով՝ հրապարակված ձայնագրությունից «արհեստական պատկերացում է ստեղծվում, թե իբր ես և իմ թիմը չենք հարգում նախագահին, որը հանդիսանում է մեր քաղաքական առաջնորդը»:

Հոնչարուկի հրաժարականի դիմումը նախագահական աշխատակազմում ստացել են։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտնում է, որ նախագահն առաջիկայում կքննարկի այն և արդյունքների մասին կտեղեկացնի։

Ուկրաինան, հիշեցնենք, կիսախորհրդարանական-կիսանախագահական կառավարման համակարգ ունի, ինչը նշանակում է, որ երկրի նախագահը պատասխանատու է արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության համար, իսկ ներքին քաղաքականության՝ տնտեսության, ֆինանսների և սոցիալական ոլորտների համար որոշիչ լծակները կառավարության ձեռքում են՝ վարչապետի գլխավորությամբ: Իսկ նախարարների կաբինետի ձևավորման լծակները խորհրդարանում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG