Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կոչ է անում սահմանադրական փոփոխություններով վերականգնել կիսանախագահական մոդելը


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները Երևանում երթի ժամանակ, արխիվ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները Երևանում երթի ժամանակ, արխիվ

Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։ Այսպիսի համոզմունք է հայտնում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հրապարակած հայտարարությունում։

Նշելով, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական ուժը հարկ է համարում ընդգծել, որ գործող Սահմանադրությունը մշակվել է «նախկին ռեժիմի և նրա պարագլխի իշխանությունը հավերժացնելու նպատակով, «ընդունվել է» 500 հազար քվեների կեղծումով, իսկ քվեարկության իրական արդյունքներով մերժվել է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ուստի այն լեգիտիմ չէ, և կատարվածը մեծագույն հարված էր Հայոց պետականության հիմքերին, որի հետևանքները մինչ այսօր վերացված չեն»։ «Այն նաև պարունակում է բազմաթիվ թերություններ, որոնք հղի են երկրի բնականոն գործունեության խաթարման վտանգներով։ Այս ամենին Կոնգրեսը հանգամանալիորեն անդրադարձել է 2015 թվականին՝ կազմակերպելով ՈՉ-ի արշավը», - նշված է հայտարարությունում։

ՀԱԿ-ը կարևոր է համարում արձանագրել, որ «կառավարման խորհրդարանական մոդելն իրականում Հայաստանի ժողովրդի կողմից չի ընդունվել», և որ «խորհրդարանական համակարգը աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրների խրոնիկական քաղաքական ճգնաժամի է բերել (Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Բելգիա և այլն, մինչ 1959 թվականին կիսանախագահական համակարգն ընդունելը, նույն վիճակն էր Ֆրանսիայում)»։ «Երկարաժամկետ հեռանկարում նաև Հայաստանում այն կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի և քաղաքական կոռուպցիայի ծաղկման», - համոզմունք է հայտնում կուսակցությունը։

Հետևաբար, պնդում է ՀԱԿ-ը, «սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհդարանական) կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը և քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը»։ «Մյուս կողմից, դրանով վերջ կդրվի կառավարման սահմանադրական մոդելի կամայական փոփոխությունների պրակտիկային և կվերահաստատվի կառավարման սահմանադրական մոդելի կայունության կարևորագույն գաղափարախոսությունը», - հավելում է ՀԱԿ-ը։

«Դատելով կառավարության վերոնշյալ ռազմավարությունից, սակայն, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը լուծելու է ոչ թե ռազմավարական, այլ՝ մարտավարական հարցեր, կապված, մասնավորապես, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման, Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության քաղաքացիական կառավարմանն անցնելու, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների հետ», - նշում է Հայ ազգային կոնգրեսը՝ շարունակելով. - «Ինչքան էլ կարևոր լինի վերոհիշյալ խնդիրների լուծումը, եթե սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը սահմանափակվի միայն գործող սահմանադրական կառավարման մոդելի ակնհայտ թերությունների շտկմամբ, այն կանտեսի 2015 թվականի կեղծված հանրաքվեով առաջացած բազմաթիվ խնդիրները, մասնավորապես, ոչնչով չհիմնավորված և երկրի սահմանադրական ավանդույթները խախտող անցումը դեպի խորհրդարանական համակարգ։ Ավելին, նման մոտեցումը վտանգ է ստեղծում, որ արդյունքում հետին թվով կլեգիտիմացվի 2015 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովրդի կամքի ապօրինի մերժումը»։

Կուսակցությունը նաև համոզմունք է հայտնում, որ սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեին քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների լայնածավալ հանրային խորհրդակցություններն ու քննարկումները, որոնց արդյունքում էլ պետք է ձևավորվեին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, ամենակարևորը՝ հանրության կողմից կառավարման մոդելի գիտակցված և օրինական ընդունման վերաբերյալ մոտեցումները։

XS
SM
MD
LG