Մատչելիության հղումներ

Մինսկում այսօր նախատեսված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շփման խմբի հանդիպումը


ԵԱՀԿ դիտորդները Ուկրաինայի արևելքում, արխիվ

Այսօր Մինսկում նախատեսված է անցկացնել Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման շփման խմբի հերթական հանդիպումը: Եռակողմ ձևաչափով ստեղծված այդ խմբում ներգրավված են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները:

Շփման խմբի հանդիպման նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք հիմնականում երկու հարցի են անդրադարձել՝ իրավիճակին Ուկրաինայի արևելյան շրջաններում, որոնք գտնվում են ռուսամետ անջատականների վերահսկողության տակ, ինչպես նաև Իրանում ուկրաինական օդանավի կործանման միջադեպին: Հունվարի 8-ին ուկրաինական մարդատար օդանավը խոցվեց Իրանի ռազմական ստորաբաժանումների հրթիռներով, օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվեցին, փրկվելու շանս չկար:

Դոնբասի հետ կապված՝ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում հրադադարն ամբողջովին պահպանելու համաձայնությունը չի կատարվում, նշելով, որ հունվարի 16-ին Մինսկում տեղի է ունենալու խորհրդակցությունների հերթական փուլը, շփման խմբի հանդիպումը:

Զելենսկին Գերմանիայի կանցլերին հավաստիացրել է, որ համապարփակ հրադադար ապահովելու լրացուցիչ քայլերի համար Կիևը կանի հնարավորը:

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մերկելին դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» հանդիպմանը Գերմանիայի մասնակցության համար:

Զելենսկու նախագահ ընտվելուց հետո դա «Նորմանդական քառյակի» առաջին հանդիպումն էր, որի շրջանակում տեղի էր ունեցել նաև նրա առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մերկելը ցավակցություն է հայտնել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման կապակցությամբ, իսկ Զելենսկին շնորհակալություն է հայտնել միջադեպի բաց և անկողմնակալ հետաքննությանն աջակցելու՝ պաշտոնական Բեռլինի դրսևորած պատրաստակամության համար, հորդորել է օգնել հետաքննությանն ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործին:

XS
SM
MD
LG