Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե անցկացնելու խնդրանքը: Այդ մասին Ջոնսոնը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ` նշելով, որ գրավոր պատասխանել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջընի խնդրանքին:
«Շոտլանդիայի ժողովուրդը վճռականորեն քվեարկել է Միացյալ Թագավորությունը պահպանելու օգտին, որի արդյունքը Շոտլանդիայի ու Բրիտանիայի կառավարությունները պարտավորվել են հարգել: Եկեք 2020-ը դարձնենք ամբողջ Մեծ Բրիտանիայի աճի և հնարավորությունների տարի», - Թվիթերում գրել է Ջոնսոնը:
Շոտլանդիայում 2014 թվականին անկախության հանրաքվե է անցկացվել: Ընտրողների ավելի քան 44 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանը, դեմ՝ ավելի քան 55 տոկոսը: Անկախության նոր հանրաքվե անցկացնելու խոսակցությունները վերջին շրջանում Շոտլանդիայում ակտիվացել էին «Բրեքզիթ»-ի հետ կապված:
Անցած տարվա ամռանը Էդինբուրգում Ջոնսոնը հանդիպել էր Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջընին: