Մատչելիության հղումներ

Վրեժ Առաքելյանն առաջարկում է Հայաստանը հռչակել «կերպարվեստի Երուսաղեմ»


2003 թվականին Նկարիչների միության նախաձեռնությամբ հիմնադրվեց «Կերպարվեստ» պարբերականը։ Հիմնադիր խմբագիրը միության անդամ Վրեժ Առաքելյանն էր։ Պարբերականը գործեց 11 տարի, և 2014-ին պարբերականի հրատարակությունը դադարեց՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Եվ ահա անցած տարեվերջին կրկին Վրեժ Առաքելյանի նախաձեռնությամբ և մեկենասների աջակցությամբ լույս տեսավ արդեն «Կերպարվեստ Կենտրոն» անկախ ամսագիրը, որի միջոցով Վրեժ Առաքելյանը հույս ունի համախմբելով արվեստաբաններին՝ հանրությանն առավել լայնորեն ներկայացնել հայ ժամանակակից կերպարվեստը, դրա զարգացման ուղղություններն ու հնարավորությունները, նաև իհարկե՝ ուղիներ գտնել կերպարվեստի բնագավառում միջազգային կապերի ստեղծման ու ամրապնդման համար։

Ավելին՝ ամսագրի առաջին իսկ էջում Վրեժ Առաքելյանն ուղերձ է հղել արվեստասեր հանրությանն ու նկարիչներին, երկրի իշխանություններին և կառավարությանը՝ աջակցելու ամսագրի առաքելությանը՝ Հայաստանը դարձնելու «կերպարվեստի Երուսաղեմ»։

«Հայաստանում կերպարվեստային ահռելի ներուժ կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վրեժ Առաքելյանը։ - «Այդ ներուժը պետք է ինչ-որ ձևով արժեքային դաշտից գնային դաշտ տեղափոխվի։ Օգտապաշտական է, բայց այդպես է. կա արժեք, բայց չկա գին։ Հետո արդեն դա պետք է միջազգայնացվի։ Ես առաջարկել եմ հայ մշակութասեր հանրությանը Հայաստանը հռչակել «կերպարվեստի Երուսաղեմ» երկիր։ Առաջին հայացքից ֆանտաստիկ ծրագիր է, բայց դա կարող է լինել»։

Ըստ Առաքելյանի, «Կերպարվեստ Կենտրոն» ամսագրի հրատարակմամբ առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն իսկ արված է. - «Իհարկե, դա մի քիչ ռոմանտիկ շղարշ ունի, բայց դա ամենևին Նոր Վասյուկին չի։ Որովհետև ամբողջությամբ ներուժը կա, կան երկու-երեք սերունդ գործող փայլուն նկարիչներ, նոր սերունդ է գալիս։ 1200-1300 Նկարիչների միության պրոֆեսիոնալ անդամներ կան, երևի մի 700-800-ը տարբեր պատճառներով անդամգրված չեն։ Այսինքն Հայաստանում մոտ 3 հազար մարդ զբաղվում է կերպարվեստով, նրանց թվում՝ միջազգային մակարդակի նկարիչներ ու քանդակագործներ։ Այդ ներուժը ինչ-որ ձևով պետք է արտահայտվի։ Եթե խորհրդային տարիներին պետական պատվերի ինստիտուտ էր գործում, պետական պատվերը, ցավոք սրտի, վերացավ։ Այն ժամանակ նկարիչը Լենին էր քանդակում, կոլխոզնիկ էր քանդակում, բայց ինքը ապահովված էր և ամբողջությամբ տրվում էր իր արվեստին»։

Իսկ մեր օրերում, նրա խոսքով, նոր ձևով պետք է դա արվի. - «Գործնական մի քայլ ենք մենք կատարել՝ ամսագրի խմբագրական խորհրդով ստեղծել ենք «Հայ կերպարվեստի մեկենասներ» պատվո ատյան։ Մեկենասությունը մեզ մոտ շատ զարգացած է եղել, երբ որ պետականություն չունեինք՝ Մանթաշյանց, Գյուլբենկյան և այլն։ Հիմա մենք փորձում ենք Հայաստանի միջավայրում ստեղծել մեկենաս - նկարիչ հարաբերությունը»։

Անդրադառնալով մեր օրերում արվեստաբանների պասսիվությանը՝ Առաքելյանն ասաց. - «Ամսագիրը նաև դրան է միտված՝ ձևավորվել մի տեղ, ուր արվեստաբանը գա։ Իհարկե, դրա համար նաև վճարել իրենց։ Նպատակը նաև արվեստաբաններին համախմբելն է ամսագրի շուրջը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG