Մատչելիության հղումներ

Թուրքմենական «Բորատ». Բերդիմուհամեդովի վարչակազմն ընդդեմ Netflix-ի


Netflix-ի նոր հեռուստասերիալը` «Ուրվականների վեցնյակ» մարտաֆիլմը Թուրքմենստանում կրքեր է բորբոքել, իշխանություններն այդ ֆիլմում երկրի դեմ ուղղված դավադրություն են տեսնում։ Երևակայական «Թուրգիստան» անվամբ երկրի մասին պատմող մարտաֆիլմի և Թուրքմենստանի միջև թուրքմենական իշխանություններն ընդհանրություններ են տեսել և վտանգավոր ուղերձ, ինչը ստիպել է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի ֆիլմը հայտնվի երկրի բնակիչների էկրաններին:

Netflix-ի սերիալը պատմում է վտարյալ մի երկրի մասին, որի բռնապետն ի վիճակի չէ ղեկավարել պետությունը, որը ներքաշվել է անհասկանալի քաղաքացիական պատերազմի մեջ։ Դաժան բռնապետ Ռովաչ Ալիմովը որոշում է հակամարտել սեփական ժողովրդի դեմ. ի դեպ, բռնապետի անունը համընկնում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի սիրելի ձիու անվանը:

Նման զուգադիպությունները ֆիլմում բազմաթիվ են. երևակայական Թուրգիստանի զինանշանն էլ է նման թուրքմենականին, բացի այդ՝ ֆիլմում մերթընդմերթ հնչում են թուրքմեներեն բառեր, հաճախ կարելի է տեսնել հսկայական արձաններ, շենքեր, որոնք նման են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի տեսարաններին:

Կատակերգական ֆիլմը կինոքննադատները բնորոշում են որպես թեթև և անհեթեթ, դիտարժան, նաև՝ արագ մոռացվող: Թուրքմենական իշխանությունները, այդուհանդերձ, ոչ միայն չեն մոռանում, այլ նաև ծայրաստիճան ջղաձգված են: Ինչպես հաղորդում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը, ֆիլմի անոնսը էկրաններին հայտնվելու պահից ի վեր՝ դեկտեմբերի 13-ից, իշխանությունները նախ արգելափակեցին Netflix-ի հասանելիությունը երկրում, փակեցին վարձույթով ֆիլմեր առաջարկող խանութները, տուգանեցին ֆիլմեր կրկնօրինակող և տարածող ընկերություններին: Թուրքմենստանում թույլ ինտերնետային կապի պայմաններում Netflix-ի սերիալը տարածվել է կրիչների միջոցով։

Այս քայլերից զատ՝ Թուրքմենստանով մեկ հրապարակային հավաքներ են կազմակերպվում, որոնց մասնակիցներին՝ պետական ծառայողներից մինչև դպրոցականներ, պատմում են «ամերիկյան չարիքների» մասին, որ իբր Միացյալ Նահանգները թուրքմենական պետության թշնամին է և ցանկանում է ոչնչացնել երկիրը:

Թուրքմենստանը, հիշեցնենք, ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլև աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, այստեղ են գտնվում բնական գազի՝ աշխարհում մեծությամբ չորրորդ պաշարները, սակայն, ՄԱԿ-ի տվյալներով, հետխորհրդային այս երկրի բնակչությունն աղքատության շեմին է:

Իրավապաշտպան կազմակերպությունները, իրենց հերթին, Թուրքմենստանի իշխանություններին մեղադրում են մարդու իրավունքների աննախադեպ կոպիտ ոտնահարումների մեջ:

Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայի միակ երկիրը չէ, որը ֆիլմերում ենթատեքստեր է տեսնում և պետական մակարդակով պայքարում դրա դեմ: Տարիներ առաջ էլ Ղազախստանում էին զայրացել ամերիկյան «Բորատ. Ամերիկայի մշակութային հետազոտությունները՝ հօգուտ Ղազախստանի փառահեղ երկրի» ֆիլմի պատճառով: Ղազախստանի կառավարությունը ոչ միայն ֆիլմն էր երկրում արգելել, այլև պատասխան ֆիլմ էին նկարահանել` աշխարհահռչակ երգիծաբան Սաշա Բարոն Քոենի մարմնավորած Բորատի մասին կինոնկարի ոչ պաշտոնական շարունակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG