Մատչելիության հղումներ

Ճապոնացի միլիարդատերը կյանքի ընկեր է փնտրում՝ խոստանալով նաև համատեղ թռիչք դեպի Լուսին


Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավա, արխիվ
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավա, արխիվ

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան կյանքի ընկեր՝ սիրեցյալ կին է փնտրում՝ խոստանալով ոչ միայն հավերժական սեր, այլև՝ համատեղ թռիչք դեպի տիեզերք: 44-ամյա գործարարը պատրաստվում է երեք տարի անց՝ 2023-ին, պտտվել Լուսնի շուրջը Իլոն Մասկի Starship տիեզերանավով, և օրերս զգացմունքային հայտարարություն է տարածել ճապոնական «Աբեմա» ինտերնետային հեռուստաընկերության միջոցով:

«Ես մինչ օրս կյանքս ապրել եմ ճիշտ այնպես, ինչպես ցանկացել եմ: 21 տարի շարունակ ղեկավարել եմ կորպորացիաներ, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել, կարողություն կուտակել ու փառքի հասել, բայց հիմա նոր կյանք եմ սկսում», - հայտարարել է Ճապոնիայի ամենահարուստ գործարարներից մեկը, ով մինչ օրս երբեք ամուսնացած չի եղել, բայց՝ երեք երեխա ունի տարբեր կանանցից:

«Հիմա, երբ միայնությունն ու դատարկությունը կլանում են ինձ, ուզում եմ մշտապես սիրել մեկ կնոջ և անհամբեր եմ՝ հանդիպել շշմելու մեկին», - պնդել է Մաեձավան ողջ աշխարհին ուղղված հրապարակային խոստովանության մեջ:

Պահանջները խիստ չեն. եթե ձեր 20-ամյակը լրացել է, ամուսնացած չեք, պայծառ անձնավորություն եք՝ միշտ դրական լիցքերով լի, հետաքրքրված եք տիեզերագնացությամբ, ուզում եք վայելել կյանքն ու պայքարել աշխարհի խաղաղության համար, շտապեք լրացնել հայտը: Միլիարդատեր գործարարն ընդգծում է՝ լուրջ է տրամադրված և ուզում է գտնել առանձնահատուկ մեկին, որի հետ կկիսի իր կյանքի երազանքը՝ թռիչքը դեպի Լուսին:

Երիտասարդ տարիքում, զրոյից միլիարդատեր դարձած Մաեձավան առաջին անգամը չէ հայտնվում ուշադրության կենտրոնում: Ամիսներ առաջ լրատվամիջոցները գրեցին՝ հենց նա է դառնալու առաջին զբոսաշրջիկը, ով երեք տարի անց SpaceX-ի տիեզերանավով ուղևորվելու է դեպի Լուսին: Թե որքան է նա վճարել այդ աննախադեպ ճամփորդության համար, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ արվեստի մեծ սիրահար, ժամանակակից գործերի հարուստ հավաքածու ունեցող Մաեձավան իր հետ 6-7 արվեստագետի կտանի տիեզերք: «Ըստ իմ մտահղացման, նրանք Երկիր մոլորակ վերադառնալով նոր գործ կստեղծեն՝ մարդկությանը նորովի ոգեշնչելու համար», - տարիներ առաջ ասել էր նա ճապոնական օրաթերթերից մեկին:

Հիմա, փաստացի, միլիարդատերը որոշել է ոգեշնչման այս գործընթացն սկսել ինքն իրենից և տիեզերանավի տոմսերից մեկը տալ, ինչպես ինքն է բնորոշել՝ առանձնահատուկ, ինքնատիպ մի կնոջ, որը կարող է նախ իր սիրտը գրավել, ապա՝ տիեզերք նվաճել:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 17-ն է, ընտրությունը, ըստ հայտարարության, կսկսվի հունվարի 25-ին և, եթե ամեն ինչ ընթանա ըստ գործարարի նախատեսած ժամանակացույցի, այսպես ասած, հաղթողի անունը հայտնի կդառնա արդեն առաջիկա մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG