«Ես իմ բոլոր գումարները ծախսում եմ Դոնալդ Թրամփից ազատվելու նպատակով», - Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու հռչակվելու համար պայքարող Մայքլ Բլումբերգը:
Վերջին օրերին մի շարք այլ դեմոկրատ թեկնածուներ խստորեն քննադատել էին Բլումբերգին` պնդելով, որ նրա քարոզարշավը զուրկ է գաղափարական առանձնահատկություններից և բացառապես ֆինանսական գրեթե անսահմանափակ միջոցների ծախսման վրա է հիմնված:
«Պատճառներից մեկը, թե ինչու եմ ես վստահ, որ կարող եմ հաղթել Թրամփին, հետևյալն է, իմ թեկնածությունն ընդունելի է չափավոր հանրապետականների համար: Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, ընտրություններում հաղթելն անհնարին է առանց չափավոր հանրապետականներին մեր կողմը գրավելու», - նշել է Բլումբերգը: