Պարսից Ծոցի պետություններից մեկում` նավթով հարուստ Օմանում, այսօր վերջին հրաժեշտն են տալիս երկրի միապետ սուլթան Քաբուս Բին Սաիդին:
79-ամյա Քաբուսը մահացել է երկարատև ծանր հիվանդությունից հետո:
Օմանի ղեկավարությունը սուլթան Քաբուսը ստանձնել էր 1970 թվականին` գահընկեց անելով սեփական հորը:
70-ականների սկզբին Օմանը դասվում էր աշխարհի ամենաթերզարգացած պետությունների թվին: Երկրում ընդամենը երեք տարրական դպրոց կար, ասֆալտապատ ճանապարհների երկարությունը չէր գերազանցում 10 կիլոմետրը:
Իշխանության 50 տարիների ընթացքում Քաբուսը Օմանի արդիականացման հետևողական քաղաքականություն էր իրականացրել, ինչի շնորհիվ երկրի hամախառն ներքին արդյունքը աճել էր` 50 տարում 256 միլիոն դոլարից հասնելով 80 միլիարդի: Երկրի բնակչության շրջանում գրագիտության ցուցանիշն ամենաբարձրերից մեկն է տարածաշրջանում` ավելի քան 97 տոկոս:
Կյանքի միջին տևողությունը Օմանում սուլթան Քաբուսի իշխանության տարիներին աճել է` 1970 թվականի 50 տարուց 2017-ին հասնելով 77-ի: Երկրում ավելի քան 50 խոշոր բժշկական կենտրոններ են գործում, կրթությունը և բժշկությունը երկրի քաղաքացիների համար անվճար են, ֆիզիկական անձինք ազատված են բոլոր տեսակի հարկերից:
Օմանի երկարամյա ղեկավարը նաև ակտիվ արտաքին քաղաքական դերակատարություն ուներ Մերձավոր Արևելքում: Նրա իշխանության տարիներին Օմանը բնականոն հարաբերությունն էր հաստատել Իսրայելի հետ: Դրա հետ մեկտեղ 2013-2014 թվականներին սուլթան Քաբուսը միջնորդական առաքելություն էր իրականացնում Թեհրանի և Վաշինգտոնի միջև:
Օմանի մայրաքաղաք Մասկաթում ընթացող գաղտնի իրանա-ամերիկյան բանակցությունների արդյունքում էր, որ 2015 թվականին կնքվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ հայտնի համաձայնագիրը: