Մատչելիության հղումներ

«Մահվան մեղավորները դատարանն ու դատախազությունն են». Մահացած դատապարտյալի եղբայր


Դավիթ Ծաղիկյան, 10-ը հունվարի 2020թ.

Քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) օրերս մահացած 45-ամյա դատապարտյալի եղբոր համոզմամբ՝ հանգուցյալը պատժի հետ անհամատեղելի, ծանր և խրոնիկ հիվանդություններ է ունեցել։

«Գրեթե կուրացած Կարեն Ծաղիկյանը երկու տարի շարունակ բանտից ահազանգել է՝ «վատ է, մահանում է», - «Ազատությանը» պատմեց այսօր եղբորը հողին հանձնած Դավիթ Ծաղիկյանն ու հավելեց՝ չնայած իրենց բազմաթիվ միջնորդություններին՝ եղբոր խափանման միջոցը չի փոխվել։

«Կալանավորման պահին դատարանում, Գլխավոր դատախազությունում հայտարարություններ է ներկայացվել, որ Կարեն Ծաղիկյանը տառապում է ի ծնե հիվանդությունով՝ իխտյոզ հիվանդություն, որը՝ լյարդի ֆունկցիան ճիշտ չի կատարվում, և մաշկը թեփոտվում է, որից տալիս է կուրություն։ Կարեն Ծաղիկյանն ազատազրկման պահից սկսած կուրությամբ էր տառապում՝ երկու աչքերը կույր էին, չէր տեսնում։ Բազմաթիվ անգամ, անձամբ ես հսկող դատախազին դիմել եմ, որ Կարեն Ծաղիկյանի վիճակը շատ վատ է, նա կմահանա։ Ամեն անգամ երկու տարվա կալանքի ընթացքում ասում էր՝ «վատ եմ, մեռնում եմ», նույնը փոխանցել եմ հսկող դատախազին, որ, իրոք «էդ մարդը վատ է, կյանքին մի քանի տարի է մնացել, թողեք թող գնա իրա տանը մահանա գոնե», - ասաց Դավիթ Ծաղիկյանը։

Դավիթ Ծաղիկյանը հունվարի 7-ին զանգահարել օմբուդսմենի գրասենյակի թեժ գիծ ու ասել, որ եղբայրը բանտում սրտի կաթված է ստացել, բայց ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում։ ՔԿՀ-ից օմբուդսմենի գրասենյակին փոխանցել են, որ նախորդ օրը հրավիրված շտապ օգնության բրիգադը տեղեկացրել է, որ Կարեն Ծաղիկյանը սրտի հետ կապված խնդիրներ չունի, ինքնազգացողության վատթարացումն էլ մկանային ցավերով է պայմանավորված։

Դավիթ Ծաղիկյանն ասում է՝ ինքը շտապ օգնության բժիշկներից պահանջ չունի, եղբայրը ծանր հիվանդ է եղել, նրանք ոչինչ անել չէին կարող, ասում է՝ դատախազությունը պետք է միջնորդություն ներկայացներ դատարան, որ եղբոր խափանման միջոցը փոխվեր։

«Եղբորս հետ խոսել եմ վերջին անգամ ամսի 7-ի առավոտյան, ասաց՝ «շատ վատ եմ», ինձ խնդրում էր ասում էր՝ «մեռնում եմ, մի բան արա», ես ճարահատյալ դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին, թեպետ մարդու իրավունքների պաշտպանին բազմաթիվ անգամ զանգահարել եմ, ամսին 7-ին ինձ ասացին՝ «ճշտենք, հետ կզանգենք», հետ զանգեցին, ասացին՝ «եղբորդ վիճակը լավ է, հսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է, հանգստացեք», անցավ երեք ժամ մահը արձանագրվեց եղբորս», - պատմեց Դավիթ Ծաղիկյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իրենք դեռ 2018-ին են դատախազությանը հորդորել ու խնդրել, որ մի շարք ծանր հիվանդություններ ունեցող Կարեն Ծաղիկյանի խափանման միջոցը վերանայվի, սակայն պատասխան են ստացել՝ հիմքեր չկա։

«Այս դեպքի հետ կապված ևս բարձրանում են մեր նախկինում արտահայտված բազմաթիվ մատահոգությունները, որ շատ խիստ վերաբերմունք պիտի լինի, եթե առաջացել է մահվան դեպք նաև, ոչ միայն պիտի բացահայտենք մեղավորներին կամ անփութությունը կամ պաշտոնատար անձանց գործողությունները պիտի քննարկենք, այլև պիտի քննարկենք մահվան պատճառները՝ ի՞նչ ուսումնասիրություններ են արվում, ո՞ր հիվանդություններն են, որ ավելի շատ տարածված են, արդյո՞ք էդ հիվանդությունների դեպքում պատշաճ բուժօգնություն հնարավոր է տրամադրել քրեակատարողական հիմնարկում, թե՞ ոչ, անձը ստանո՞ւմ է դա, թե՞ չի ստանում։ Սրանք բոլորը շատ լուրջ խնդիրներ են», - նշեց Սիմոնյանը։

Գլխավոր դատախազությունից փոխանցում են՝ խափանման միջոցի լուծման հարցը դատարանի իրավասության շրջանակներում է։

Թեև հանգուցյալ դատապարտյալի եղբայրը պնդում է, որ իրենք եղբոր խափանման միջոցը փոխելու պահանջով մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել, այդուհանդերձ դատախազությունից հայտնում են՝ այդպիսի միջնորդություն ներկայացվել է ոչ թե քրեական գործի նախաքննության ընթացքում, այլ՝ դատական քննության շրջանակներում: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունն էլ ստացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին:

Ըստ եզրակացության, պատշաճ բուժօգնության տրամադրման հարցի պարզաբանումը չի մտնում այդ փորձաքննության իրավասության մեջ և այն ենթակա է պարզաբանման՝ Միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննության միջոցով։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, սակայն, Միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանը դրական է եղել, նիստը նշանակվել էր հունվարի 15-ին, սակայն մինչև այդ նիստը փաստորեն դատապարտյալը մահացավ։

Քրեակատարողական վարչությունն էլ թվել է դատապարտյալի հիվանդություններն ու նշել, որ անձի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ։

Թմրանյութերը պահելու և իրացնելու համար դատապարտված Կարեն Ծաղիկյանի եղբայրը մեղադրում է դատարանին ու Գլխավոր դատախազությունը:

«Արդարադատության դատական համակարգը ողջամիտ սաղ դատավարական ժամկետները բաց թողնելով հասցրեցին եղբորս մահվան։ Ամբողջ պատասխանատվությունը կրում է արդարադատության դատական համակարգը և հսկող դատախազը», - ասաց Դավիթ Ծաղիկյանը։

Իրավապաշտպան Արա Ղարագյոզյանն այսօրինակ շատ դեպքեր է վարել, ասում է՝ Կարեն Ծաղիկյանի մահվանից հետո Գլխավոր դատախազությունն ու Քրեակատարողական վարչությունն իրենց տարածած հայտարարություններով ուղղակի փորձում են արդարանալ։ Դատարանն էլ, ըստ Ղարագյոզյանի, մարդուն ուղարկել է բանտ, հաշվի չառնելով նրա ծանր հիվանդությունները։ Իրավապաշտպանը հարցնում է, խոշտանգումն էլ ինչպե՞ս է լինում։ Ղարագյոզյանը մտավախություն ունի, որ այս գործն էլ մյուսների նման անուշադրության կմատնվի ու հետո կմոռացվի։

«Էստեղ բոլոր պետական մարմիններն իրենց մեղքի բաժինն ունեն՝ թե՛ դատարան, թե՛ դատախազություն, թե՛ քրեակատարողական ծառայություն, բոլորն ունեն իրենց մեղքի բաժինն, ինչպես դատախազությունը, որ չի փոխել խափանման միջոցը, որի լիազորությունն ունեցել է, ինչպես նաև դատարանը, որ նման առողջական խնդիրներ ունեցող անձին կալանքի տակ է պահել», - նշեց իրավապաշտպանը։

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախնական, դեռ չամփոփված տվյալներով նախորդ տարի բանտերում մահվան շուրջ 20 դեպք է արձանագրվել, որոնցից 5-ը՝ ինքնասպանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG