Մատչելիության հղումներ

Համազգայինը կներկայացնի տարվա առաջին պրեմիերան


Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը և տնօրեն Արման Նավասարդյանը, արխիվ։
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը և տնօրեն Արման Նավասարդյանը, արխիվ։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ու տնօրեն Արման Նավասարդյանը հանգամանորեն ներկայացրին ոչ միայն նախորդ տարի թատրոնի դժվարին, բայց կայուն ընթացքն ու ստեղծագործական ձեռքբերումները (միայն 7 պրեմիերա են ունեցել), այլ նաև խոսեցին առաջիկա պրեմիերայի և հյուրախաղերի մասին։

Հունվարի 13-ին և 14-ին Համազգայինում կներկայացվի Գի Դը Մոպասանի հանրահայտ «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փափլիկը» խորագրով պիեսը, որը մեկ անգամ անցած տարեվերջին դեկտեմբերի 25-ին հասցրել են հանձնել հանդիսատեսի դատին։

Բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է։ Նրա համոզմամբ, այսօր էլ Մոպասանի այս գործը խիստ այժմեական է. - «Երբեք չեմ մտածել, որ Գի Դը Մոպասանին կանդրադառնամ, բայց նախ ինձ այդ հումորը դուր եկավ, և հետո չէ՞ որ մեր թատրոնը նաև հայրենասիրության մասին է խոսում՝ համազգային թատրոն է, և եթե խոսենք այդ մասին, ուրեմն՝ Գի Դը Մոպասանի միջոցով, այդքան թեթև, այդքան իրոնիկ։ Այո, ինձ համար ցավալի է, որ երբ դիպչում է սեփական շահերին, հայրենասիրությունը հօդս է ցնդում։ Այդ գործում դա շատ ավելի նուրբ է տրված, շատ թեթև։ Ուզում էի, որ մենք նույն թեթևությամբ տեսնենք այդ ամենը, այդ ամպագոռգոռ հայրենասիրությունը, որը շատ հաճախ տեսնում ենք եթերում, լսում ենք մարդկանց շուրթերից, կենացներում, ինչի է վերածվում, երբ հանկարծ առևտրին է կպնում, սեփական շահին»։

Պրեմիերայից հետ ողջ հունվար ամսվա ընթացքում Համազգայինը կներկայացնի իր խաղացանկային ներկայացումները, իսկ փետրվարի 4-ից թատերախումբը կմեկնի Կիպրոս, որտեղ կներկայացնի 5 բեմադրություն։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ գարնանը մասնակցելու են նաև Մոգիլյովում և Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք միջազգային թատերական փառատոներին. - «Կարծում եմ, որ փառատոնը փառատոն կբերի, որովհետև թատրոնի քաղաքականությունը հետևյալն է՝ որ լինի աշխարհի թատրոններից մեկը։ Պիտի միշտ աշխարհի հետ կապը շատ ազատ, շատ բաց լինի։ Իրենք տեսնեն մեր թատրոնը, մենք՝ իրենցը։ Եվ փառատոները դրա լավագույն հնարավորությունն են»։

Տարվա ընթացքում Համազգայինի հանդիսատեսը կարող է ներկա գտնվել նաև այլ ուշագրավ պրեմիերաների. - «Քանի որ անցյալ տարի մեզ մոտ ֆրանսիական պիեսներ էին՝ հայկականների հետ զուգահեռ, այս տարի ամերիկյան պիեսներ են լինելու։ Վուդի Ալենի «Ճախրող լամպը», որի փորձերն արդեն սկսել ենք, և որը բեմադրում է այս տարի դիպլոմային աշխատանք անող մի երեխա։ Եվ մյուսը. այսօրվա վարպետը՝ Նիկոլայ Ծառուրյանը բեմադրելու է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը»։ Շատ մեծ, մասշտաբային աշխատանք է»։

Ինչ վերաբերում է Համազգային թատրոնի նոր շենքին, ապա թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով, խնդիրն իր վերջնական լուծումը կստանա այս տարեվերջին. - «Շենքը հիմա կառուցման փուլում է, մեծ թափով առաջ է գնում։ Ես հույս ունեմ, որ 2020 թվականին մենք կունենանք վերջապես մեր շենքը։ Էս տեսակ մի հարց կա. կառուցապատողը պարտավորվել է անել թատրոնի ամեն ինչը, բացի սպեցիֆիկ սպառազինությունից, որի մեջ մտնում է լուսային հագեցվածությունը, հնչյունային սարքավորումները և բեմի մեխանիկական մասը։ Դա պիտի կազմակերպենք մենք։ Անկեղծ որ ասեմ, ես չեմ ուզում պետության վրա բարդել։ Ես փորձում եմ գտնել հովանավորներ։ Մոտավորապես 500 հազար դոլարի կարգի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG