Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի հայցն ընդդեմ կառավարության վարչական դատարանը վարույթ է ընդունել


«Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյան, արխիվ

Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ կառավարության։ Առաջին դատական նիստը նշանակված է մարտի 13-ին։

Հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանի խոսքով՝ նախորդ կառավարությունները 17 տարի շարունակ խախտել են իրենց իրավունքն ու զրկել հեռուստաեթերից:

Փաստաբան Արա Ղազարյանը, ներկայացնելով գործը, պարզաբանեց՝ վիճարկում են 7 վարչական ակտեր, որոնք կայացվել են 2003 թվականին: Պահանջում են դրանք առոչինչ ճանաչել, այլ ոչ թե անվավեր։

«Հայտնի փաստ է, որ այդ յոթ մրցույթները, որ անցկացվեցին և վարչական ակտերը կայացվեցին, ասենք, ընդունվեց թիվ 18Ա որոշումը, թիվ 29Ա որոշումը, դրա նպատակը չէր բարելավել ռադիոհեռուստատեսության կամ հեռարձակման ոլորտը, որովհետև մրցույթի նպատակը դա է, այլ դրա նպատակն էր թույլ չտալ «Ա1»-ին վերադառնալու, որովհետև «Ա1»-ն անկախ հեռուստաընկերություն էր։ Նշանակում է՝ այդ ընթացակարգերը և օրենսդրական հիմքերը իրենց նպատակին չէին ծառայում, այլ ծառայում էին թաքնված, քողարկված քաղաքական օրակարգի, նշանակում է՝ սա արդարադատության առերևույթ ոտնահարում է», - ասաց Արա Ղազարյանը։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում «Ա1+»-ի հիմնադիրը պատմել էր, որ այն ժամանակ ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը պարզապես հրահանգ է ստացել «վերևներից»։ Հիմա պահանջում են, որ նոր կառավարությունն ընդունի նախորդի սխալն ու վերականգնի խախտված իրավունքները։

«Պայքարը «Ա1+»-ի իրավունքների համար երբեք չի դադարել», - ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով՝ նախկին իշխանությունները պարզապես արհամարհում էին իրենց, այդ պատճառով «Ա1+»-ը մինչև օրս հեռուստաեթերում չէ, հեռարձակվում է միայն օնլայն տիրույթում։

«Ոչ թե քաղաքական մոտեցում է, այլ արդարության վերականգնման շատ կարևոր քայլ, և մենք լիահույս ենք, որ փոփոխված պայմաններում և՛ դատարանները կարող են անկաշկանդ որոշումներ կայացնել, նախորդ տասնամյակների ընթացքում դա ակնկալել շատ բարդ էր, քանի որ մենք գիտենք, որ «Ա1+»-ը եթերազրկվեց հենց քաղաքական դրդապատճառներով», - նշեց Մելիքյանը։

Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում այն մասին, որ դատական համակարգում դեռ հեղափոխություն չի եղել։

«Ազատության» հարցին՝ այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան այս դատարանից, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց՝ «Ա1+»-ը փակվեց «Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, ժամանակն է, որ հեռուստաընկերության դեմ որոշումներ ընդունած նույն դատավորներն այսօր ինքնամաքրման ճանապարհ անցնեն»:

«Դատավորը ինքն իր մեջ պետք է փոխվի, երբ որ միջավայրը փոխվել է, ստիպված պետք է փոխվեն, որովհետև իրենք տեղ չեն ունենա էս կյանքում, եթե իրենց մեջ հեղափոխություն չլինի», - ասաց Մովսեսյանը։

Եթե դատարանը որոշի, որ տեղի է ունեցել խախտում, կմտածեն փոխհատուցման համար դիմելու մասին։

«Ի վերջո այս պետությունը այդպես էլ ներողություն չի խնդրել «Ա1+»-ից՝ անկախ նրանից իշխանափոխություն եղել է, թե ոչ, որովհետև սուբյեկտը՝ վարչական դատարանը միշտ մնում է մեկը՝ պետությունը։ Ներողություն խնդրելը նույնպես արդարացի փոխհատուցում է, դրամական փոխհատուցում տրամադրելը, իհարկե, կարելի է ասել, ավելի արդարացի փոխհատուցում է, եթե կարելի է այդպես ասել, «Ա1+»-ի վերադարձը, վերադարձի համար պայմաններ ապահովելը, օրենսդրական փոփոխություն։ Ի վերջո Եվրոպական դատարանի վճռի որոշման հիման վրա էլ օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան», - նշեց Ղազարյանը։

«Ա1»-ի փաստաբանական խումբն այսօր խնդրի առաջ է կանգնել՝ ՀՌԱՀ-ի որոշումները չկան, ոչնչացվել են: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում «Ա1+»-ի հիմնադիրը պատմել էր, որ արխիվում չի պահպանվել որևէ փաստաթուղթ, որը հիմնավորում է ՀՌԱՀ-ի որոշումները. օրինակ՝ ի՞նչ պատճառով է պարտվել հեռուստաընկերությունը մրցույթում, և ի՞նչ առավելություն է ունեցել հաղթողը։

Թեև բողոքարկվող որոշումները 7-ն են, բայց 17 տարիների ընթացքում 13 մրցույթի են մասնակցել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ հաղթող էին ճանաչվում ընկերություններ, որոնք որևէ կերպ հայտնի չէին ո՛չ լսարանին, ո՛չ լրագրողական հանրությանը, այսինքն` նոր ստեղծվող ընկերություններ էին։

«Հաճախ ստեղծվում էին նաև այն պատճառով, որ պետք է նրանք հակադրվեին «Ա1+»-ին, և այստեղ, երբ որ կայացած հեռուստաընկերությանը լիցենզիա չէին տրամադրում, այստեղ իսկապես քաղաքական դրդապատճառներ կար», - ասաց Մելիքյանը։

Ներպետական ատյաններում այս որոշումները բողոքարկելուց ու մերժվելուց հետո, 2002 և 2004 թվականներին «Ա1+-ի» սեփականատեր «Մելտեքս» ընկերությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

2008 թվականի հունիսի 17-ին Եվրոպական դատարանն իր վճռով արձանագրել էր «Ա1+»-ի իրավունքների խախտման փաստն ու Հայաստանին պարտավորեցրել «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ընկերությանը վճարել 30 հազար եվրո՝ 20 հազար եվրոն բարոյական վնասի և 10 հազարը դատական ծախսերի փոխհատուցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG