Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում 33-րդ օրն է ինչ շարունակվում է տրանսպորտի ոլորտի աշխատակիցների գործադուլը


Ֆրանսիայում արդեն 33-րդ օրն է ինչ շարունակվում է տրանսպորտային ոլորտի աշխատակիցների գործադուլը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել նախագահ Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումները, որոնց կյանքի կոչման դեպքում տրանսպորտային, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների աշխատակիցները կզրկվեն տարիներ առաջ սահմանված արտոնություններից` մասնավորաբար վաղ թոշակի անցնելու և բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորություններից:

Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր բնականոն կերպով էին աշխատում Փարիզի մետրոպոլիտենի 16 գծերից միայն երկուսը: Մերձքաղաքային գնացքների առումով իրադրությունը փոքր-ինչ ավելի բարվոք է: Այսօր երթուղի է դուրս եկել գնացքների շուրջ 60 տոկոսը:

«Այս գործադուլը մարդկանց իրոք հոգնեցրել է: Հատկապես Փարիզում և մերձակա շրջաններում մարդիկ ուղղակի հյուծված են: Շատերը ստիպված են տաքսիով աշխատանքի հասնել կամ օգտվել Uber-ի ծառայություններից», - նշում է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մյերը:

Վերջին հարցումների համաձայն, Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում գործադուլավորներին ցուցաբերվող աջակցությունը գնալով նվազում է: Այսօր այն կազմում է 44 տոկոս` դեկտեմբերին արձանագրված 51 տոկոսի համեմատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG