Մատչելիության հղումներ

Տավուշում վարչապետը հորդորեց պահանջել ՀԴՄ կտրոնները


Ամանորին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Տավուշի մարզում էր. զինվորական հագուստով շրջեցին, նվերներ բաժանեցին մարզի բնակիչներին, սելֆիներ արեցին երեխաների հետ, ծանոթացան նաև բնակիչների խնդիրներին։

«Ի՞նչ ես ուզել Ձմեռ պապիկից», - երեխաներից մեկից հետաքրքրվեց վարչապետը: Երեխան էլ ասաց. - «Գրել եմ՝ ինչ ուզում ես, բեր»:

Բնակիցները նշեցին՝ կարևորը, որ արդարություն լինի, մնացածի համար համբերություն ունեն, նաև հավելեցին՝ ինչը խոստանում է, կատարվում է:

Սոցիալական հարցերը մարզում լրջագույնն են, ու շատերը վարչապետից գալիք տարուց հենց կենսակերպի բարելավում էին խնդրում։ «Ձեր թոշակները դուք պետք է բարձրացնեք», - Փաշինյանի պատասխանն էր մի գյուղացու, որը դժգոհեց, թե հունվարի 1-ից բարձրացող կենսաթոշակը, այդուհանդերձ, շատ քիչ է նորմալ ապրելու համար։

«Խանութից առևտուր եք անում, վերջում ասում եք՝ ՀԴՄ-ն պետք չէ, այ դրա համար էլ քիչ է: Այ որ մտնեք, ՀԴՄ կտրոն ուզեք, ամեն առևտուր անելիս պահանջեք ՀԴՄ կտրոն, անորակ գործ անողին ասեք՝ անորակ գործ մի արա, վզները հաստացնող պաշտոնյաներին չգնաք, քվեարկեք, տենց չի լինի», - վարչապետի հորդորն էր գյուղացիներին։

Հավաքված կանանցից մեկն էլ դժգոհեց՝ կենսաթոշակները պիտի ավելի բարձրացնեին. «Գոնե 10 հազարով ավելցնեիք, մարդ բան հասկանար»:

Վարչապետը նորից հորդորեց. «Այ որ սրա ՀԴՄ-ն վերցնեիք, թոշակն այդտեղից է ձևավորվում: Թոշակը հո ես չեմ աշխատում, թոշակը պետական բյուջե է»: Կինն էլ շարունակեց, թե նախարարները «մեկ է, ինչղ էլ եղնի, կապրեն»:

«Բա որ նախարարի աչքը էստեղ-էնտեղ լինի, էստեղից-էնտեղից գողանալու, բա ինչո՞վ է ավելացնելու, բա նախկին նախարարները ցածր աշխատավարձ են ստացել 10 տարի, խի՞ չեն բարձրացրել թոշակը: Հիմա գնանք, տեսնենք՝ ինչ տներ ունեն, որտեղ են ապրում», - ավելացրեց Փաշինյանը:

Տավուշ կատարած այցի շրջանակում վարչապետն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելեց նաև պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Հանդիպեցին մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շնորհավորեցին բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում Նիկոլ Փաշինյանը, տեղեկանալով, որ այստեղ երեկվանից անցել են սննդի կազմակերպման նոր համակարգի, հայտնեց, որ գալիք տարվանից բոլոր զորամասերում կգործի այս նոր համակարգը։

«Նախատեսում ենք, որ այս ողջ պրոցեսը տեղի ունենա կապիտալ նորոգումով, այսինքն՝ տարածքը նույնպես պետք է նորոգվի, բայց այս փուլում, որպեսզի մենք հասցնենք պրոցեսը, մյուս տարի ավարտին հասնենք զուտ սննդի կազմակերպման, հիմա չենք սպասում, որ կապիտալ նորոգվի, մյուս տարի արդեն կապիտալ նորոգում տեղի կունենա», - նկատեց նա:

Տավուշի մարզում շրջայցը Նիկոլ Փաշինյանն ավարտեց Իջևանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

XS
SM
MD
LG