Մատչելիության հղումներ

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին, մայրաքաղաք Երևանի բոլոր եկեղեցիներում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն:

Մայր Աթոռում նռնօրհնեքի համար նախատեսված նուռը Սուրբ Էջմիածնին ընծայել են Արցախի իշխանությունները, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Նրա հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG