Մատչելիության հղումներ

«Իրանի հետ պատերազմ չի լինի, Թրամփի օգտին մեծամասնությունը չի քվեարկի»


Լոնդոնում հրատարակվող Financial Times պարբերականի վերլուծաբանները պատրաստել են զեկույց, որով փորձում են կանխատեսել 2020 թվականի առավել կարևոր զարգացումների հնարավոր արդյունքը:

Վերլուծաբանների համոզմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը «Բրեքզիթ»-ից հետո կկարողանա առևտրի հարցում նոր պայմանագրեր կնքել Եվրամիության հետ: Տեղի կունենան չափազանց դժվարին բանակցություններ, սակայն ի վերջո Լոնդոնը և Բրյուսելը կհամաձայնեցնեն փաստաթղթերը:

Անդրադառնալով Հին աշխարհամասի ամենահզոր տնտեսական գերտերությանը՝ Գերմանիային, վերլուծաբանները ենթադրում են, որ կանցլեր Անգելա Մերկելի «մեծ կոալիցիան» կտապալվի:

Իտալիայում ամբոխավար և ազգայնական լիդեր Մատեո Սալվինին հեռացել է կոալիցիայից, բայց 2020-ին նա կկարողանա վերադառնալ գործադիր իշխանություն, քանի որ վարչապետ Ջուզեպե Կոնտեի թիմը հետզհետե կորցնում է ընտրողների վստահությունը: Financial Times-ի վերլուծաբանները ենթադրում են, որ հունվարի վերջին կայանալիք տեղական ընտրություններում կոալիցիան Էմիլիա-Ռոմանիա շրջանում կպարտվի, ինչն անխուսափելիորեն կառաջացնի քաղաքական ճգնաժամ ամբողջ Իտալիայում:

Վերլուծաբանների կարծիքով, Միացյալ Նահանգներում տնտեսական ճգնաժամ չի լինի: Տնտեսագետների մի մասը կանխագուշակում են, թե Ամերիկայում ռեցեսիա կլինի, սակայն Financial Times-ի վերլուծաբանների համոզմամբ՝ Միացյալ Նահանգների տնտեսության աճը կշարունակվի:

Արդյո՞ք պատերազմ կսկսվի Միացյալ Նահանգների և Իրանի միջև։ Այս հարցում վերլուծաբանները ենթադրում են, որ նման վտանգավոր տարբերակը գրեթե բացառվում է: Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի առավելագույն ճնշում բանեցնել Թեհրանի վրա, բայց գործը զինված բախման չի հասնի:

Եվ վերջապես, շատ կարևոր մեկ այլ հարց՝ արդյո՞ք 2020-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի օգտին կքվեարկի ընտրողների մեծամասնությունը: Financial Times-ի վերլուծաբանները միանշանակ դա բացառոում են, սակայն դա բնավ չի նշանակում, թե գործող նախագահը չի վերընտրվի:

2016 թվականին Հիլարի Քլինթոնի օգտին ժողովրդական քվեով տրված ձայները 3 միլիոնով գերազանցել են Թրամփի քվեների թիվը, բայց Ընտրիչների կոլեգիան հաղթող է ճանաչել Թրամփին:

Այդ տարբերությունը 2020-ին կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, սակայն գործող նախագահը միևնույն է կարող վերընտրվել:

Բանն այն է, որ «հակաթմրամփական» ընտրողների մեծ մասը բնակվում է դեմոկրատների հենարան համարվող խոշոր նահանգներում՝ Կալիֆորնիայում և Նյու Յորքում: Հետևաբար, նախագահական ընտրությունների արդյունքը կորոշվի փոքր նահանգներում՝ դրանք կոլեգիայում ներկայացնող ընտրիչների քվեներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG