Մատչելիության հղումներ

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նախաձեռնել է վերականգնել Գյումրիի Բարեկամության շատրվանը


Երկրաշարժից 31 տարի անց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նախաձեռնել է վերականգնել հոր հեղինակած Բարեկամության շատրվանը։

«Այդ շատրվանի վերականգնումը ինձ համար անձնապես շատ կարևոր և նշանակալի է, քանի որ դա հայկական մոդեռնիզմի դարաշրջանի վերջին գործերից է և իմ հայրիկի վերջին աշխատանքներից էր», - ասաց Թարխանյանը։

Ֆանտաններ կոչվող տնակային ավանում է գտնվում Լենինականի 60-ամյակի կապակցությամբ կառուցված շատրվանը։ Կատակասեր գյումրեցիները շատ արագ նկատել էին, որ այն տորթ է հիշեցնում ու կառույցը կնքել «60-ամյակի տորթ» անունով։ Բայց քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող շատրվանը երկրաշարժից հետո չի գործում ու հասցրել է քայքայվել։

Արթուր Թարխանյանի դուստրն ասում է՝ նախագծային աշխատանքները ավարտված են, մնում է լուծել ֆինանսական հարցերը. դիմել են մի շարք միջազգային կառույցների և սպասում են պատասխանի:

«Այսօր շատրվանի հիմնական տառերը` երկաթյա և երկաթ-բետոնյա տառերը ազատ են, և մենք հնարավորություն ունեցանք չափագրել էդ ամեն ինչը, նախագիծը պատրաստել և դիմել ենք մի քանի միջազգային կազմակերպությունների, որոնք մեծ սիրով պատրաստ են և ներդրումային ծրագրեր են իրականացնում Հայաստանում, նամանավանդ տուժած և վտանգված գոտիներում, իսկ Գյումրին երկրաշարժից հետո մեծ խնդիրներ ունեցող տարածքներից մեկն է։ Հուսով ենք, որ շատրվանին կտրամադրվի այդ գումարները», - նշեց Անահիտ Թարխանյանը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շատրվանի վերակառուցման ֆինանսավորման հարցում նորություն ուներ:

«Մեր հայտնի շատրվանի հետ կապված պիտի ուրախությամբ նշեմ, որ դրամաշնորհային հայտերից մեկի մրցույթում ինքը առաջին փուլը հաղթահարել է, գնում է առաջ, մտնում է արդեն եզրափակիչ փուլ, որտեղ արդեն ամբողջական փաթեթն է ներկայացնելու», - ասաց Շիրակի մարզպետը։

Բարեկամության շատրվանը կառուցվել էր ժամանակի ամենաերիտասարդական թաղամասում։ Հարևանությամբ գործում էր Պոլիտեխնիկական ինստիտուտը, որը երկրաշարժին փլվեց, 100-ավոր ուսանողներ ու դասախոսներ զոհվեցին: Հիմա տարածքում կիսավեր նախկին ինստիտուտն է ու տնակներ։

Անահիտ Թարխանյանն ասում է, որ տարածքում ուսանողների հետ միասին մաքրման աշխատանքներ են իրականացրել և պարզել, որ շատրվանից առանձնացած որևէ դետալ չի կորել:

«Շատրվանի շուրջը բազմաթիվ ժամանակավոր տնակներ էին տեղակայված և շատրվանի ոչ մի մասնիկ, նույնիսկ այն մասնիկները, որոնք որ ժամանակի ընթացքում ընկնում էին այդպես էլ մնացին իրենց տեղում, ոչ ոք ձեռք չի տվել շատրվանին։ Դա խոսում է շատ մեծ սիրո և նվիրվածության [մասին] գյումրեցիների այդ շատրվանին», - ընդգծեց Թարխանյանը։

Ճարտարապետը կարծում է՝ Ֆանտաններ թաղամասի վերակառուցմամբ հետաքրքիր գոտի կստեղծվի, որը նաև հետագայում ներդրողների կարող է գրավել: Շատրվանից բացի նաև այգին են ցանկանում վերականգնել:

«Շատրվանի այս ամբողջ ծրագիրը, որ մենք ուզում ենք անպայման վերակառուցենք, կապված է առաջին հերթին` գյումրեցիներին հետ վերադարձնել այդ տարածքը, որը ժամանակին եղել է ժամանցի և հանգստի վայր», - ասաց Թարխանյանի դուստրը։

Անահիտ Թարխանյանը հավելում է, որ շատրվանի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է՝ նույնիսկ արտերկրից. «Վերջին մի քանի տարվա մեջ շատրվանը դարձավ ուշադրության կենտրոնը ոչ թե միայն Հայաստանի արվեստագետների համար, այլ ողջ աշխարհից՝ իտալացի, ֆրանսիացի, գերմանացի հայտնի լուսանկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ գալիս են Գյումրի, որպեսզի հատուկ տեսնեն այդ շատրվանը, որովհետև ինքը իրոք շատ խորհրդավոր, շատ իմաստուն տեսք ունի և ծավալատարածական լուծումներ։ Երևում է` նախ վերևից շատրվանն ինքը ոնց որ թե կրկնապատկի հավերժության նշանը հայկական, իսկ հեռվից երբ որ նայում ես, ոնց որ թե տիեզերական փոքրիկ նավ լինի, որը իջել է, ժամանակավոր կայանել է և պետք է հիմա նորից բարձրանա։ Շատ խորհրդավոր է։ Միայն անցյալ մեկ տարվա մեջ 50-ից ավելի տարբեր հրապարակումներ են տեղի ունեցել միջազգային տարբեր լրատվամիջոցներում՝ կապված շատրվանի հետ»։

Եթե ֆինանսավորման հարցը լուծվի, ապա, ըստ ճարտարապետի դստեր, մեկ տարվա ընթացքում կկարողանան շատրվանը իր նախկին տեսքով վերականգնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG