Հոնկոնգում ոստիկաններն այսօր արցունքաբեր գազով և մահակներով ցրել են ընդդիմադիրների ցույցը, կան ձերբակալվածներ:
Ցուցարարները հայտնել են, թե ի նշան բողոքի մտադիր են խոչընդոտել Չինաստանի սահմանի մոտ գտնվող Շեն Շույի թաղամասի առևտրի կենտրոնների և հանրախանութների աշխատանքը:
Սև հագուստով և դիմակներով ավելի քան հարյուր ցուցարարներ երթով անցել են թաղամասով և վանկարկել են «Վերադարձե՛ք Չինաստան» կարգախոսը:
Հարևանությամբ գտնվող Շենժեն չինական քաղաքի առևտրականները պարբերաբար ժամանում են Հոնկոնգ և հարկերից ազատված ապրանք են գնում ու վերադառնում են Չինաստան՝ դրանք վերավաճառելու համար:
Հոնկոնգցիների համոզմամբ, դա խթանում է ապրանքների, ծառայությունների և անշարժ գույքի գնաճը:
Ի պաշտոնե Չինաստանի մաս կազմող, սակայն հատուկ օրենքներով կառավարվող Հոնկոնգում զանգվածային ըմբոստությունն ավելի քան կես տարի է տևում: