Մատչելիության հղումներ

Թուրքիան էլեկտրամեքենաներ է արտադրելու


TOGG ընկերությունը ներկայացրեց առաջին էլեկտրամքենաները, Գեբզե, Կոջաելիի նահանգ, Թուրքիա, 27-ը դեկտեմբերի, 2019թ.
TOGG ընկերությունը ներկայացրեց առաջին էլեկտրամքենաները, Գեբզե, Կոջաելիի նահանգ, Թուրքիա, 27-ը դեկտեմբերի, 2019թ.

Թուրքիան էլեկտրամեքենաներ է արտադրելու: TOGG հապավումով հայտնի թուրքական ավտոարտադրող ընկերությունը երեկ Գեբզեում (Կոջաելիի նահանգ) հանդիսավորությամբ ներկայացրել է առաջին երկու էլեկտրամեքենաները: Դրանցից մեկն ունիվերսալ տեսակի սպորտային մեքենա է, մյուսը՝ սեդան:

Արարողությանը ներկա է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք այս ծրագրով մեր երկիրը տանում ենք դեպի ապագա, դիզայնը, մարտկոցները, լիցքավորման կայանները՝ այդ ամենը մերն է: Քիչ թվով երկրներ կարող են նման բան անել: Մուտք գործելով էլեկտրամեքենաների ոլորտ, Թուրքիան բոլորից առաջ է անցել»,- ասել է Էրդողանը:

Նրա փոխանցմամբ, Թուրքիան ոչ միայն ներքին սպառման, այլև արտահանելու համար է նախաձեռնել այդ ծրագիրը:

«Կսկսենք Եվրոպայի մոտակա շուկաներից, հետո կտեսնենք այս մեքենաներն ամբողջ աշխարհի ճանապարհներին, դա է նպատակը», - ասել է Էրդողանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 22 միլիարդ լիրա է, դա հավասար է 3 միլիարդ 700 միլիոն դոլարի:

Թուրքիան մտադիր է տարեկան արտադրել 175 հազար էլեկտրամեքենա: Պետությունը հավաստիացրել է, որ ըստ ամենայնի կաջակցի TOGG մասնավոր ընկերությանը:

Էրդողանը և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն առաջնահերթություն են համարում էլեկտրամեքենաների ծրագիրը և այն դիտում են որպես երկրի տնտեսական հզորացման խորհրդանիշ:

Թուրքիան արդեն ունի մեքենաներ արտադրող խոշոր գործարաններ Բուրսայում, որտեղ արտադրում է Ford, Fiat Chrysler, Renault, Toyota և Hyundai մակնիշների մեքենաներ և դրանք արտահանում է Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG