Մատչելիության հղումներ

Գյումրիում տեղադրված փազլի վաճառքից գոյացած գումարով 2 ընտանիք բնակարան ստացավ


15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացած գումարով տնակում բնակվող 2 բազմազավակ գյումրեցի ընտանիք այսօր բնակարանի տեր դարձավ: Նախաձեռնության հեղինակը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն է:

Շահառուներից մեկը՝ 5 դուստր ունեցող Անուշավան Ծառուկյանը, փաստում է՝ սեփական միջոցներով դժվար թե կարողանային բնակարանի հարց լուծել. - «Դե պատկերացրեք, էս Հայաստանի պայմաններում մեկը դուք 5 երեխա ունենաք, կրնա՞ք համ պահել, համ բնակարան ունենալ: Ըդիք պտի օլիգարխ եղնիս, զավոդներ, գործարաններ ունենաս, որ հնարավոր եղնի: Սովորական քաղաքացի, որը կաշխատի օրական իրա ընտանիքը պահելու, լյուբոյն էլ, ինձ կթվա, չի կրնա էտքան երեխա պահե ու բնակարան գնի: Ըսիք մեծ նվեր էր, որը չենք կրնա մոռանալ, արդեն բնակարան ունենք, հետագայում ամեն ինչ ավելի լավ կեղնի, որովհետև մեր արդեն ներդրում, աշխատանքը արդեն երեխեքին բարեկեցիկ կյանք կապահովի», - ասաց նա:

5 դստրերից 11-ամյա Մելինեն բնակարանի մասին վաղուց էր երազում. - «Ես կերազեի, որ նորմալ տուն ունենայինք, խոնավ չեղներ, տաք եղներ»:

15 մլն դրամը հավաքվել էր ամիսներ շարունակ Գյումրիի կենտրոնում տեղադրված փազլի կտորների վաճառքից: Գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի «Պապի ու տատի խոստացված մատաղը» նկարի յուրաքանչյուր կտորը վաճառվել էր 1000 դրամով: Փազլի առաջին ու վերջին կտորների գնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Ցանկություն ունեին հավաքված փազլը աճուրդի դնել ու գումարով կրկին բնակարան գնել:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանն ասում է՝ հիմա մտափոխվել են, ցանկանում են նոր ծրագիր իրականացնել. - «Ուզում ենք 50 ընտանիքի համար թաղամաս սարքել, դրամահավաքը լինելու էր օնլայն, բայց հիմա փոփոխվում են մի քանի բաներ, հունվարի վերջ հստակ կհայտարարենք՝ ինչպես է լինելու, բայց ունենալու է կատեգորիաներ, որտեղ շահառուներն անպայման պետք է աշխատողներ լինեն: Առաջարկ ունենք հիմա, որ այս թաղամասը լինի Գյումրվա կոլորիտային ինչ-որ բան, որի փողոցները նաև կլինեն փազլային, ու հենց բնակիչները հավաքեն: Այսինքն՝ ծրագիրը չեմ ուզում շատ մանրամասնել, բայց էտ շահառուները նաև մասնակցություն են ունենալու թաղամասի կառուցման և իրենց տների վրա աշխատանք պիտի անեն: Ինչ-որ պայմաններ պիտի ունենանք, որ գումարի 20 կամ 30 տոկոսը տարիների ընթացքում հիմնադրամին հետ պետք է տան», - հայտնեց նա:

Գևորգ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տոներից հետո Գյումրի կժամանի Շառլ Ազավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, և հնարավոր է՝ նոր ծրագիրն իրականացնեն համատեղ:

«Հունվարի 15-ից հետո Նիկոլայի հետ պիտի հանդիպենք, Շառլ Ազնավուրի որդու: Ծրագիրը հետաքրքրել է նաև Նիկոլային, և ցանկություն է հայտնել, որ մենք Գյումրիում հանդիպենք, ոչ թե Երևանում կամ արտերկրում, որովհետև հիմնադրամի շատ լավ ընկեր ունեինք, որը ցանկացավ Նիկոլայի հետ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում հանդիպել, Նիկոլան ասեց, որ մենք Գյումրի ենք գալիս հունվարի 15-ից հետո, ավելի լավ է, որ Գյումրիում հանդիպենք», - պատմեց նա:

Նոր փազլի գաղափար էլ կա: Նախատեսում են արտերկում հայաշատ համայնքներից մեկում, նաև Երևանում փազլի կտորներով որևէ կտավ հավաքել ու կրկին գումարն ուղղել բնակարանների ձեռքբերմանը:

Նշենք, որ պաշտոնապես տնակների հաշվառման գործընթացի արդյունքում միայն Գյումրիում 2854 ժամանակավոր կացարան է հաշվառվել, որից շուրջ 600-ի դռները փակ են:

XS
SM
MD
LG