Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն այսօր ազատ է արձակվել


Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը, լուսանկարը Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից
Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը, լուսանկարը Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն այսօր վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:

«Հիմքերի բացակայություն, այսինքն՝ գրավ չի կիրառվել, առաջին ատյանի դատական ակտը բեկանման ենթակա ակտ է եղել, Արտուշ Գաբրիելյանի կողմից ընդունված դատական ակտի մասին է խոսքը: Կալանավորումը չի կարող լինել երբևէ պատժի տեսակ կամ պատժիչ նպատակով, կալանավորումը միմիայն պատշաճ վարքագծի համար է: Ասեմ ավելին, երբ նոր էր կալանավորվել Նարեկ Մութաֆյանը, և այդ դատական ակտը կրկին Արտուշ Գաբրիելյանի բողոքարկվել էր վերաքննիչ քրեական դատարանում, վերաքննիչ քրեական դատարանը հիմքերի տեսանկյունից միայն արձանագրել էր, որ առկա է նոր հանցանք կատարելու որոշակի ռիսկ, իսկ խոչընդոտելու և թաքնվելու հետ կապված առհասարակ բացակայում է: Եվ պարզ է, որ նոր հանցանք կատարելու ռիսկն էլ ժամանակի հետ, բնականաբար, նվազում է, ինչպես ցանկացած խոչընդոտելու կամ թաքնվելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկ դրանք հիմքերն են կալանավորման, ժամանակի հետ նվազում են:

Սա դրա դասական օրինակներից մեկն է, և ես ուրախ եմ, որ վերաքննիչ քրեական դատարանը դա արձանագրեց, բայց միաժամանակ ցավ եմ ապրում առ այն, որ Շենգավիթ նստավայրի դատավորները երկուսի դեպքում՝ և՛ Նարեկի, և՛ Սարգիսի, այդ հանգամանքը հաշվի չէին առնում: Վերաքննիչ դատարանով բեկանումն, իհարկե, շատ կարևոր է, դրական այդ փուլում, բայց չպետք է դա լիներ, պետք է առաջին ատյանով այդ հարցը լուծված լիներ, և քննիչի միջնորդությունը հստակորեն մերժվեր», - հայտարարեց Արամ Վարդևանյանը:

Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորվել էին Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Մասնավորապես, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի երիտասարդ դատավորին տեսանկարահանելով հարցեր էր տալիս, օրինակ. «Արդյո՞ք Դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանում»։ Գործով մյուս մեղադրյալ Սարգիս Օհանջանյանն ազատ էր արձակվել ավելի վաղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG