Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Կենտրոն» ՀԸ լրագրողի ու օպերատորի վրա հարձակումը


«Կենտրոն» հեռուստաընկերության լոգոն
«Կենտրոն» հեռուստաընկերության լոգոն

Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ դատապարտել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին հարվածելու միջադեպը: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ, որին միացել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և այլն:

«Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը», - ասված է հայտարարության մեջ։

«Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն, ի թիվս այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գնացել էին Հովտաշեն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի շուրջ ծագած խնդիրները լուսաբանելու։

«Պահպանված կադրերում երևում է, որ բնակիչների կողմից հարձակումը եղել է թիրախավորված և նպատակ է ունեցել խոչընդոտել հենց տվյալ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը», - նշել են լրագրողական կազմակերպությունները՝ հավելելով.

«Մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG