Մատչելիության հղումներ

Կոնստանտին Օրբելյանը հույս ունի ներկայացնել «Անուշ»-ը ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Երևան, 24-ը դեկտեմբերի, 2019թ.
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Երևան, 24-ը դեկտեմբերի, 2019թ.

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դեկտեմբերի 28-ին հրավիրում է ամանորյա արդեն ավանդական դարձած գալա-համերգի, որի ընթացքում հանդես կգան օպերային լավագույն մեներգիչներն ու բալետային արտիստները՝ ներկայացնելով համաշխարհային օպերային և բալետային արվեստի հանրահայտ ստեղծագործությունները։

Մինչ այդ այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ընթացքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ամփոփելով տարվա ընթացքում կատարած աշխատանքը, շեշտեց, որ այս տարի մի շարք օպերային պրեմիերաներ են ունեցել, նաև համերգային կատարումներով։ Բալետային մեկ նոր ներկայացում են հանձնել հանդիսատեսի դատին՝ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետը, որը մեծ սիրով և ոգևորությամբ է ընդունվել։

«Ի՞նչ կարող եմ ասել, աշխատում ենք, աշխատում։ Բոլորովին վերջերս համերգային կատարմամբ ներկայացրինք «Դիմակահանդես-պարահանդեսը», հաջորդ տարվա համար պատրաստում ենք և հանդիսատեսի դատին կներկայացնենք կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը՝ գրված ըստ Լևոն Շանթի համանուն պիեսի։ Մեր բալետմեյստերները՝ Վիլեն Գալստյանն ու Ռուբեն Մուրադյանն անում են ամեն ինչ մեր հանդիսատեսին լավագույն ներկայացումներ մատուցելու համար։ Հաջորդ տարի ապրիլին արդեն կրկին կներկայացնեն Մասնեի «Մանոն» օպերան, որի պրեմերան տեղի է ունեցել 2018-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին», - ասաց նա։

Ամանորյա մանկական ներկայացումներ այս տարի չեն լինի. - «Մանկական լավ ներկայացումների համար կրկին գումարներ են անհրաժեշտ։ Ցավոք, առայժմ գումարներ չկան», - նկատեց նա։

Հանրահայտ «Չիպոլինո» մանկական բալետը, որը հրաշալի ընդունելության է արժանացել թե մանուկների, թե մեծահասակների կողմից, այս տարի վերջին անգամ 2 օր առաջ բեմադրվեց, և արտիստները բեմից հրաժեշտ են տվել երեխաներին, իսկ փոխարենը Օպերային թատրոնի մենակատարները հատուկ ամանորյա, հետաքրքիր ծրագրով հանդես կգան հունվարի 2-ին և 3-ին արդեն թատրոնի VIP սրահում։ «Դրանք փառահեղ համերգներ են լինելու», - շեշտեց Կոնստանտին Օրբելյանը:

Իսկ այս տարի դեկտեմբերի 31-ին Օպերային թատրոնի դահլիճում ամանորյա համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Այնպես որ, ցանկության դեպքում տարեվերջյան և տարեմուտի երեկոները մեր երաժշտասերները կարող են անցկացնել դասական երաժշտություն վայելելով։

Կոնստանտին Օրբելյանը հույս ունի հաջորդ տարի ներկայացնել «Անուշ» օպերան Միացյալ Նահանգների հայաշատ քաղաքներում, որտեղ շատերը մեր հայրենակիցներից իր հետ հանդիպումների ընթացքում բազմիցս հարցրել են՝ «ամերիկյան բարձրագույն՝ օրենսդիր և գործադիր մարմինները մեր՝ ամերիկահայերիս ջանքերի շնորհիվ» ի վերջո ճանաչեցին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը, իսկ որպես երախտագիտության արտահայտություն ի՞նչ է պատրաստվում Հայաստանն անել այստեղ՝ մեզ համար։ Եվ ահա վերջերս Կոնստանտին Օրբելյանը, պատահաբար հանդիպելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխանցել է ամերիկահայերի ակնկալիքը՝ առաջարկելով հաջորդ տարի պետության հովանու ներքո «Անուշի» նոր բեմադրությունը ներկայացնել ամերիկյան հայաշատ քաղաքներում։

«Ասացի, որ կարելի է ինչ-որ լայնածավալ բան անել, չէ՞ որ «Անուշ» օպերան երբեք Միացյալ Նահանգներում չի բեմադրվել։
Իհարկե, վարչապետն ասաց, որ սա փայլուն մտահղացում է, և ուրեմն հաջորդ տարի արդեն աշխատելու ենք մեր կառավարության և ամերիկացիների հետ՝ կազմակերպելու մեր Օպերայի թատրոնի հյուրախաղերը «Անուշի» բեմադրությամբ Միացյալ Նահանգներում», - ընդգծեց Օրբելյանը։

Ի դեպ, մեր Օպերային թատրոնում արդեն քանի ամիս է՝ մրցույթ է ընթանում «Անուշի» նոր բեմադրության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG