Մատչելիության հղումներ

Խաժակյանը կշարունակի աշխատանքը Երևանի ավագանիում. Թեհմինա Վարդանյանը կարծում է՝ բարձրացված աղմուկն արհեստական էր


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան, արխիվ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) կառավարման խորհուրդը որոշել է՝ Դավիթ Խաժակյանը կշարունակի աշխատանքը Երևանի ավագանիում։ Հիշեցնենք, ավագանու վերջին նիստից հետո Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկում էր ավագանու ընդդիմադիր խմբակցությունից իրենց միակ կուսակցին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:

Նշենք, որ ավագանու «Լույս» խմբակցությունում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից միայն Դավիթ Խաժակյանն է, իսկ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցությունից են: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները մտահոգված էին՝ Դավիթ Խաժակյանի կարևոր բացահայտումները ստվերվում են դաշինքի մյուս անդամների էմոցիոնալ ելույթների պատճառով։

«Լուսավոր Հայաստան»-ի կառավարման խորհուրդն այսօրվա տարածած հայտարարությունում մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ «Լույս» դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է: «Լույս» խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը», - ասված է հայտարարությունում:

Դավիթ Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց. - «Երկու կուսակցությունները եթե քննարկեն ինչ-որ տեսակետ, մոտեցում, և պարզվի, որ կան կարծիքների տարբերություններ, ապա այն պետք է մարդկանց համար բնական լինի, որովհետև երկու անկախ քաղաքական ուժերի մասին է խոսքը՝ ԼՀԿ, որի անդամ եմ ես, և Հանրապետություն կուսակցության: Սա հատկապես կվերաբերի այն դեպքերին, երբ մենք ընդհանուր դիրքորոշում չունենանք, բայց միևնույն է՝ մենք շեշտադրում ենք նաև, որ այն ծրագիրը, որի համար քաղաքացիները ձայն են տվել «Լույս» դաշինքին, մենք բոլորս հանձնառու ենք այդ ծրագիրը կյանքի կոչելու, և հուսով եմ, որ շարունակվելու է ընդհանրական կետերի շուրջ մոր կենսենսուսն խմբակցության ավելի լայն լինել, քան որևէ տարաձայնության շուրջ»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարությունում նշել է նաև, որ «ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը և այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի»։

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասում է՝ արհեստական աղմուկ էր բարձրացել։ Ընդգծում է՝ նախկինում ևս տարանջատում է եղել, և յուրաքանչյուր անդամ իր հայտարարության համար է պատասխանատվություն կրել. - «Այդտեղ ես միանշանակ կարևորում ու առանձնացնում եմ պարոն Խաժակյանին, ում հետ մենք 3 տարի աշխատել ենք ինչպես «Ելք» խմբակցության շրջանակներում, այնպես էլ «Լույս» խմբակցության շրջանակներում, և ես վստահ էի, որ շարունակելու ենք աշխատել մի խմբակցության շրջանակներում: Աշխատանքները պատկերացնում եմ բնականոն, այսինքն՝ որևէ էական փոփոխություն, ըստ իս, չի լինելու, որովհետև որևէ մեկս այսքան ժամանակ դաշինքի սկզբունքներից դուրս չի եկել: Միշտ էլ պատասխանատվություն է կրել այն անձը, որը ելույթ է ունեցել կամ ինքնաարտահայտվել է, քվեարկել է: Միշտ դա եղել է», - մանրամասնեց նա:

Ի դեպ, Երևանի ավագանու նախորդ նիստին «Լույս» խմբակցության ղեկավարն իրավապահներին էր դիմել՝ պնդելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանն արտերկրում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով, նրա պարտականությունը կատարել է օրենքով չնախատեսված անձ, որից հետո, սակայն, արձակուրդի կարգադրությունն է փոխվել։ Ըստ Խաժակյանի, դատախազությունն այս ամենը պետք է ստուգեր։ Խաժակյանը պնդում է՝ տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, ինչը քաղաքապետը հերքում է։

Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները մայրաքաղաքի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Ոստիկանություն` քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար։

XS
SM
MD
LG