Մատչելիության հղումներ

Մեսչյան. «Ինձ մեղադրում են, որ «ԿռԱԶի» պակռիշկեքի քանակով եմ շինթույլտվություն տալիս»


Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն «Ազատության» տաղավարում, Երևան, 23-ը դեկտեմբերի, 2019թ.

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նկատում է, որ եթե կառուցապատողը 5-10 կամ ավելի միլիոն դոլարի շինարարություն է անում, ապա 1-2 ամիս ձգձգվելը նման լուրջ նախագծի համար ժամկետ չէ: Այս մասին նա նշեց այսօր «Ազատության» եթերում՝ արձագանքելով գործարար շրջանակների կողմից հնչող ահազանգերին, որ շատ է ձգձգվում շինթույլտվության գործընթացը:

«Ինձ մեղադրում են, որ «ԿռԱԶի» պակռիշկեքի քանակով եմ շինթույլտվություն տալիս», - ասաց նա:

Հարցին, թե ե՞րբ է իմացել, որ կան անձինք, որոնք շինթույլտվություն են ստացել, «Կամազ»-ներ են նվիրել Երևանին, Մեսչյանը պատասխանեց.- «Եթե ես իմանայի, ներքուստ զգայի, որ շատ մեծ սխալ է կատարվում, կամ կոռուպցիոն տարբերակ է ստեղծվում, լուրջ կվերաբերվեի դրան, բայց հարցն այն է, որ այնքան սահուն եղավ ամեն ինչ, ամենակարևորը, որ քաղաքը մաքրվեց զիբիլից, իսկ աղբի ամբողջ խնդիրը, դա պատերազմական ռեժիմի աշխատանք էր պետք կատարել այդտեղ, սարսափելի իրավիճակ էր, և պետք էր անմիջապես աղբահանության հարցը կարգավորել: Եվ եթե այդ կարգավորման ընթացքում ինչ-որ բաներ են եղել, որ ինչ-որ մարդկանց դուր չեն եկել, կներեք, ես ավելի շատ մտածում եմ մեր երեխաների մասին, որ բակերում այդ աղբի կողքով չանցնեին, քան թե ինչ-որ խոսակցություններ կոռուպցիայի մասին»:

Ըստ նրա, եթե այդ մեքենաները չնվիրեին, աղբահանությունը մի քիչ ավելի կերկարեր: Դիտարկմանը, որ խնդիրը կապն է շինթույլտվության հետ, Արթուր Մեսչյանն արձագանքեց. - «Շինթույլտվության հետ ի՞նչ կապ ունի: Ոչ մի կապ չունի մեկը մյուսի հետ, ամբողջ նվիրատվություններն արվել են այն ժամանակ, երբ փաթեթը, համաձայնությունները, տարածքն անցած պրծած էր: Այսօր կան կարևորագույն քաղաքային պրոբլեմներ, և մեծամասամբ ամբողջ ծրագրային մտածողությունը գալիս է քաղաքապետի կողմից: Քաղաքապետը փորձում է դա իրագործել, սկսում են այդ իրագործման համար քաղաքապետին քարկոծել»:

Երևանի գլխավոր ճարտարապետը հարցնում է՝ ինչո՞ւ աղբահանության ծրագիրը, որ կարելի է կառուցապատողների վրա որոշակի սոցիալական պարտավորություն դնել, չբարձրացվեց ավագանու կամ Ազգային ժողովի կողմից, եթե բոլորն էլ գիտեն ֆինանսական խնդիրների մասին:

«Կոռուպցիան ընդհանրապես նշանակում է, երբ որ դու չարաշահում ես քո դիրքը, լիազորություններն ու անձնական շահ ես ունենում դրանից: Մի անհամեստ հարց՝ այդ ի՞նչ անձնական շահ ենք մենք ստացել այդ ամեն ինչից: Քաղաքը ստացա՞վ, այո, ուրեմն եկեք անենք այնպես, որ գանք օրենսդրական դաշտ, որ կառուցապատողներն օրենքով ամեն մի կառուցած բնակարանների քանակ որոշակի տան քաղաքին, և ես ավելի շատ մտածում եմ այն ընտանիքների մասին, որոնք վթարային շենքից կտեղափոխվեն», - հայտարարեց Մեսչյանը:

XS
SM
MD
LG