Աշխարհում սկսվում է «Քրիսմասի»՝ Սուրբ Ծննդյան շրջանը: Խարկովի կամավորները, ովքեր իրենց անվանում են «Սանտա Կլաուսի օգնականներ», Լուգանսկի շրջանում ապրող երեխաների համար Սուրբ Ծննդյան և Ամանորի նվերներ են հավաքում ու հասցնում պատերազմից տուժած բնակավայրեր:
Կամավորները նախ հավաքել են մանուկների նամակները Սանտա Կլաուսին, ցանկը հրապարակվել է համացանցում, և դոնորներին խնդրել են արձագանքել երեխաների խնդրանքներին:
«Սանտայի օգնականները» դոնորներին անվանում են «բարի կախարդներ»:
«Մի երեխա մի անգամ հարցրեց. - «Խաղաղությունն ի՞նչ է»: Ես հասկացա, որ բացատրություն չեմ գտնում: Դրանք են երեխաները, ում հետ մենք աշխատում ենք», - ասել է «Սանտայի օգնական» Եվհենիա Լևանշտեյնը և ավելացրել. - «Մենք ուզում ենք երեխաներին տալ ազատություն, որ նրանք կարողանան ինչ-որ բանի հավատալ, երազել, համոզվեն, որ երազանքն իրականություն է դառնում իրենց մասին մտածողների օգնությամբ»:
Այդ երեխաներից շատերը ռազմական գործողությունների ամենաթեժ օրերին թաքնվել են նկուղներում:
«Մեր տվյալների բազայում 1254 երեխա է: Ունենք 715 երեխաների համար նվերներ բերած դոնորներ, ուստի 539 երեխա դեռ սպասում է, նոր կախարդների ենք որոնում», - ասել է կամավոր Իննա Աչկասովան:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի տվյալներով, Լուգանսկի շրջանում այս տարվա ընթացքում դպրոցները 36 անգամ գրոհների են ենթարկվել:
Այդ շրջանում բնակվող ավելի քան 400 հազար երեխաների մոտ, ըստ հոգեբանների, առկա են պատերազմական գործողությունների ականատես լինելու հետևանքով առաջացած հուզական տրավմայի նշաններ:
Ուկրաինայի արևելքում 2014 թվականի գարնանը սկիզբ առած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: