Մատչելիության հղումներ

Էրդողան. «Սիրիացի փախստականների նոր ալիքը կարող է հասնել Եվրոպա»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքերը պատվիրակություն են ուղարկում Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ մարտական գործողություններից փախուստի դիմող տասնյակ հազարավոր սիրիացիներ Իդլիբի շրջանից շարժվում են դեպի Թուրքիա: Նա ասել է, որ այդ ալիքը կարող է հասնել նաև Եվրոպա:

«Իդլիբից ավելի քան 80 հազար մեր եղբայրներ փախչում են ռումբերից, սկսել են մոտենալ մեր սահմաններին: Եթե բռնությունն Իդլիբի ժողովրդի նկատմամբ չդադարեցվի, այս թիվը կավելանա: Այդ դեպքում Թուրքիան չի վերցնի ամբողջ բեռն իր ուսերին: Բացասական ազդեցությունը կստեղծի ճնշում, որը կզգան եվրոպական մի շար երկրներ, հատկապես Հունաստանը», - նշել է Թուրքիայի ղեկավարը:

Այս օրերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը ռուսական օդուժի օգնությամբ հուժկու ռմբահարումների է ենթարկում Իդլիբի նահանգը: Առավել ծանր կացություն է Սարաքեբի ավանում: Կան տասնյակ զոհեր և բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Անկարայի հայտնած պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր հաշվով ապաստանել է շուրջ 3 միլիոն 700 հազար սիրիացի փախստական, դա համարվում է մեկ երկրից փախստականների ամենամեծ խումբն աշխարհում:

Իդլիբի շրջանում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ, և Անկարան ասում է, որ եթե նրանք էլ գումարվեն փախստականների թվին, տարածաշրջանում ու Եվրոպայում կառաջանա աղետալի և անկառավարելի վիճակ:

«Սպիտակ սաղավարտներ» իրավապաշտպան կլազմակերպությունը փորձում է օգնել ռմբահարումների ենթարկվող բնակիչներին:

Իդլիբի նահանգում և հարակից մի քանի շրջաններում դեռ ամուր դիրքեր ունեն զինված ընդդիմության և իսլամիստների խմբավորումների ջոկատները, և նախագահ Ասադը հայտարարել է, որ Դամասկոսն անպայման կվերականգնի հսկողությունը երկրի հյուսիսարևմտյան այդ տարածքի նկատմամբ:

Էրդողանը երեկ Ռուսաստանին ուղղակի չի քննադատել Իդլիբը ռմբահարելու համար, նա հայտնել է, որ թուրքերը և ռուսները պետք է քննարկեն այս հարցը:

«Մենք Ռուսաստանի հետ ամեն կերպ փորձում ենք դադարեցնել այդ գրոհները, վաղը մենք պատվիրակություն ենք ուղարկում Մոսկվա: Նախատեսված են հանդիպումներ, որոնց արդյունքում մենք կորոշենք մեր անելիքը», - երեկ հայտնել է Էրդողանը:

Նրա փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում կլինեն արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները, հետախուզության և ազգային անվտանգության կառույցների ներկայացուցիչները:

Մոսկվայում է Սիրայի արտգործնախարարը

Մինչեռ, այսօր Մոսկվայում է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Նրան ընդունել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն, ով ասել է, որ օրակարգում Սիրիայում կյանքը խաղաղ և բնականոն հուն վերադարձնելու խնդիրն է, այդ աշխատանքն արդեն մեկնարկել է:

«Դա հնարավոր դարձավ նախևառաջ շնորհիվ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի վերականգնմանն ուղղված Սիրիայի զինված ուժերի շարունակվող ջանքերին, ինչին աջակցել են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը»,- ասել է Լավրովը:

Սիրիայի արտաքին գործոց նախարարը քննադատել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը:

«Միացյալ Նահանգներն ապօրինի ճանապարհով է օգտագործում Ալ-Թանֆի ռազմակայանը, նրանք այնտեղից անօդաչու թռչող սարքերով հարվածում են մեր նավթային ենթակառուցվածքին, դա ձմռանն է տեղի ունենում, երբ մենք նավթի ու գազի կարիք ունենք»,- ասել է Մուալեմը:

Լավրովը նշել է, որ հիմա անհրաժեշտ է վերականգնել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ստեղծել այդ երկրում շարունակվող համամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու պայմաններ:

XS
SM
MD
LG