Մատչելիության հղումներ

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ՏՈՐ-Մ2ԿՄ գերժամանակակից ՀՕՊ համակարգերով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Հայաստանի Զինված ուժերի համար ձեռք բերված նորագույն զինտեխնիկային, 21-ը դեկտեմբերի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Հայաստանի Զինված ուժերի համար ձեռք բերված նորագույն զինտեխնիկային, 21-ը դեկտեմբերի, 2019թ․

Զինված ուժերը համալրվել են 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի վարչապետը: «Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում շատ կարևոր համարեց այս համակարգերի ձեռքբերումը: «ՏՈՐ-Մ» համալիրի սերիաները ընդհանրապես՝ ԿՄ-2 և այլն, 2ՄԿ, ԿՄ համակարգերը մինչև 20 կիլոմետր հեռահարությամբ զենիթահրթիռային համալիրներ են, որոնք իրենց տեսակի մեջ լավագույն ռուսական համալիրներն են, իրենց շարժունակությամբ, կրակի էֆեկտիվությամբ, փոքր թիրախների հայտնաբերելու և խոցելու ունակությամբ բացառիկ համակարգեր են, որոնք իրենց արդյունավետությունը ապացուցել են նաև սիրիական պատերազմում վերջին շրջանում, և դրանք մեր սպառազինության մեջ շատ կարևոր տեղ ունեն: Այդ համակարգերը կհամալրեն մեր ՀՕՊ ստորաբաժանումները, որոնցով մեր մարտունակությունը զգալիորեն կբարելավվի», - ասաց Հովհաննիսյանը:

«Փաստորեն, սա իսկապես շատ կարևոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել», - «Ազատության» այս դիտարկմանը Պաշտպանության նախարարության խոսնակն արձագանքեց․ - «Այո, այո, այո, մեր նոր, այսպես ասեմ, բարեփոխումների ծրագրով Զինված ուժերը ավելի մոբիլ, ավելի էֆեկտիվ, ինքնուրույն, ստորաբաժանումները ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում: Եվ պետք է ասեմ, որ մենք այդ ուղղությամբ միշտ էլ մտածում էինք, բայց հնարավորություն չունեինք ձեռք բերելու: Պայմանագիրը, այսինքն՝ քննարկումներ եղել են, հաճախ մեդիայում տեսնում եմ այն մասին, որ նշում եմ՝ սրանք վաղուցվա պայմանագրեր են, այդպես չի՝ պայմանագրերը կնքվել են 2019 թվականին և հենց էս տարի էլ իրականացվել են»:

Նախքան ՏՈՐ համակարգերի ձեռքբերման մասին հայտարարելը, վարչապետը և բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցում էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Իր ելույթում Փաշինյանը նշեց՝ եկել է իրենց առջև նոր խնդիրներ դնելու ժամանակը, ասաց՝ Հայկական բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը:

«Մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում են ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է, և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ՝ ամենաինտելեկտուալը: Մարդկության պատմության առաջին օրերից մինչև այսօր հենց անվտանգության կարիքներն են, հենց ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ Զինված ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ Հայաստանի Զինված ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ Հայաստանի բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով: Նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը, և սա է մեր խնդիրը, որ մենք այսօր առաջադրում ենք և իրար հետ պետք է լուծենք», - հայտարարեց վարչապետը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով ռազմական համալսարանի կայացման մասին, ասաց. - «Այսօր մենք կարող ենք հպարտանալ՝ Հայաստանի Հանրապետությունը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր փուլերը, բոլոր, ամբողջական իր հնարավորությունները: 25 տարվա մեջ հնարավոր չէր վարժարանից մինչև ռազմավարական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել, 25 տարվա ընթացքում: Կարող եմ վստահեցնել ձեզ, որ մեր ամբողջ ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, հրամանատարական կազմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի պատրաստի <...> հերոսականությամբ օժտված զինծառայողներ, ինտելեկտուալ զինծառայողներ և Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը և հայ ժողովրդին նվիրատվությամբ օժտված զինծառայողներ»:

XS
SM
MD
LG