Մատչելիության հղումներ

«Մեր ժողովրդի այցեքարտը առաջին հերթին միշտ եղել է բարձրակարգ արվեստը»


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի մուտքը, արխիվ

Բոլորովին վերջերս «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը նշեց հիմնադրման 5-ամյակը։ 5 տարի առաջ Երևանի կենտրոնում՝ Կասկադի հարևանությամբ, գեղանկարչուհի Զարուհի Մուրադյանը բացեց իր հոր՝ անվանի գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի անունը կրող պատկերասրահը։

Ի դեպ, ստեղծագործական հարուստ ժառանգություն թողած գեղանկարիչը՝ Սարգիս Մուրադյանը, առաջիններից էր խորհրդային տարիներին, որ ազգային թեմատիկ շեշտադրմամբ հանդես եկավ՝ 1956 թվականին ներկայացնելով իր հանրահայտ «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավը, որն այսօր Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մաս է կազմում: Դե իսկ նրա անունը կրող պատկերասրահն էլ անմիջապես դարձավ շատ աշխույժ մշակութային կենտրոն։

Պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանն օրերս «Ազատության» հետ զրույցում շեշտեց․ - «Մոտավորապես 60-ի չափ տարբեր միջոցառումներ ենք արել, իհարկե՝ հիմնականում ցուցահանդեսներ: Ի սկզբանե նպատակը, բացի Սարգիս Մուրադյանի արվեստը հանրահռչակելուց, Սարգիս Մուրադյանի սերնդակիցների՝ այ էն մոռացված նկարիչների արվեստը նորից ներկայացնելն էր: Բայց, իհարկե, ինձ գտնում են և առաջարկում են և՛ երիտասարդները, և՛ ուսանողները, նույնիսկ մանկական ստուդիաներն են մեզ մոտ հաճախ ցուցադրվում: Մենք, իհարկե, գնում ենք ընդառաջ՝ պահելով որոշակի որակական և պրոֆեսիոնալ պլանկա, չափանիշներ: Այսինքն՝ չի կարող պատահի, որ ով ինչ ուզի՝ ցուցադրի, պետք է լինի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի արվեստ»:

«Օրինակ, նախավերջին ցուցադրությունը Վարդիթեր Կարապետյանն էր՝ մեր 20-րդ դարի լավագույն նկարչուհիներից մեկը, որի մասին շատերը մոռացել էին: Իր ցուցահանդեսը դրդեց ինձ էն մտքին, որ իր սերնդակիցներից շատ-շատերը կան, որոնք շատ վաղուց չեն ցուցադրվել: Միտքը առաջացավ, ես հիմա կփորձեմ, կդիմեմ դրամաշնորհի՝ կրթության, մշակույթի նախարարություն, չնայած մեծ հույսեր չեմ կապում, մի անգամ մերժվել է իմ նախագիծը, բայց կրկին կդիմեմ, որովհետև նախարար Արայիկ Հարությունյանը շատ հավանեց էդ միտքը: Ես կարծում եմ, որ մյուս տարի մենք մի քանի շարք կանենք մոռացված նկարիչներ», - ասաց պատկերասրահի հիմնադիրը:

Հենց այս օրերին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացված է իրանահայ գեղանկարիչ, մասնագիտությամբ ճարտարապետ Արման Լուկասի անհատական ցուցահանդեսը։ «Եվ, իհարկե, իր աշխատանքներում զգացվում է ճարտարապետի մոտեցումը: Ֆոտոները տեսա և միանգամից առաջարկեցի», - նշեց Զարուհի Մուրադյանը՝ շարունակելով․ - «Էս տարվա մեր վերջին ցուցադրությունն է, տաս օր կտևի, լրիվ նոր աշխարհ ենք բացում մեր համար: Այդպես հասկացա, որ դա իր հարազատ փողոցներն են, իր ծննդավայրն է, էսպես սիրով, սիրով, նայեք՝ ինչ գեղեցկությամբ ինքը վերարտադրել է հին Թեհրանի ճարտարապետությունը: Եվ բոլորին հրավիրում եմ մեր պատկերասրահը՝ դռները բաց են,, մուտքը անվճար է»:

Արման Լուկասն արդեն մի քանի տարի է ոչ միայն բնակվում է Երևանում, այլ նաև այստեղ իր մասնագիտությամբ՝ որպես ճարտարապետ է աշխատում։ «Էստեղ 19 հատ աշխատանք եք տեսնում: Փորձել ենք, որպեսզի հին Թեհրանի պատկերները վերացուցադրենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Զարուհի Մուրադյանի համոզմամբ՝ արվեստագետների և առհասարակ արվեստի համար շատ կարևոր է պետության վերաբերմունքը։ «Կուզենայի, որ արվեստին շատ ավելի լուրջ վերաբերմունք լիներ, որովհետև ի վերջո մեր ժողովրդի այցեքարտը առաջին հերթին միշտ եղել է բարձրակարգ արվեստը: Ես հասկանում եմ՝ IT ոլորտը դա ժամանակակից բան է, դա գործիք է աշխատանքային, բայց արվեստը մեր փոքրիկ և գեղեցիկ հինավուրց երկրի այցեքարտն է», - հայտարարեց գեղանկարչուհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG