Մատչելիության հղումներ

Հայաստանում 68 երեխա սպասում է որդեգրման


Արտապատկերում ԱԱԾ մամուլի կենտրոնի հրապարակած տեսանյութից

Օտարերկրյա որդեգրումների քրեական գործով ձերբակալված անձանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել։ Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում 2 և ավելի երեխաների նկատմամբ. նրան առաջադրվել է նաև առևտրային կաշառքի մեղադրանք։

«Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը մեղադրվում է ծնողից երեխային բաժանելու համար՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, իսկ Երևանի 43-ամյա բնակչուհին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2 և ավելի երեխաների ծնողներից բաժանելու համար է մեղադրվում։ Նրա նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել գրավը։

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ այժմ դատարանը քննում է քննիչի միջնորդությունը 3 անձանց խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Առավոտյան Ռազմիկ Աբրահամյանին դատարան են ուղեկցել հիվանդանոցից։ Նա ձերբակալելու որոշումից հետո սրտի իշեմիկ հիվանդության սրացմամբ տեղափոխվել է «Արմենիա» բուժկենտրոնի կարդիոռեանիմացիայի բաժանմունք:

«Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունքի ղեկավար Մայրանուշ Դրամփյանի խոսքով՝ վիճակը եղել է բավականին ծանր. - «Ունեցել է հիպերտոնիկ կրիզ, որով պայմանավորված նաև սրտի շրջանի ցավեր, որը դիտվել է որպես սուր կորոնար սինդրոմ և սրտի ռիթմի խանգարումներ, հաճախակի փորոքային էքստրասիստոլաների ձևով: Հայտնի է, որ իր մոտ երկար տարիներ առկա է եղել շաքարային դիաբեդ: Սուր կորոնար սինդրոմը և հիպերտոնիկ կրիզն ընդհանրապես միշտ հոսպիտալիզացիայի ենթակա ախտորոշում է», - ասաց նա:

Ձերբակալվածներից էր նաև Ռազմիկ Աբրահամյանի տեղակալը՝ Արշակ Ջերեջյանը, նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Երեկ Քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր՝ ձեռք բերված ապացույցների համադրությունը բավարար է բոլոր ձերբակալվածներին մեղադրանք առաջադրելու համար։

Հիշեցնենք, ապօրինի որդեգրումների քրեական պատմությունն սկսվեց Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներով, մեկ ամիս առաջ գործի վարույթը փոխանցվեց Քննչական կոմիտեին:

Խոսքը 2016-18 թվականներին 30 փոքրիկների ապօրինի գործընթացներով Իտալիա որդեգրելու մասին է։ Այդ 3 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ օտարերկրյա որդեգրման է տրվել 54 երեխա։ Արդարադատության նախարարության տվյալով ՝ նրանք բոլորը փաստաթղթերով առողջական լուրջ խնդիրներ են ունեցել, և Հայաստանում նրանց ոչ ոք չի ցանկացել որդեգրել։ Այլ բան են ասում Սոցապն ու իրավապահները, նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետն ասում է՝ այդ 30 երեխաների մեծ մասը եղել է առողջ:

«Տվյալները շատ հաճախ համակարգում ներկայացվել ու նշվել են որպես անառողջ՝ տեղացիների կողմից որդեգրում իրականացնելու նպատակով», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:

Նա համաձայն է՝ որդեգրման թվերն այս տարի նվազել են։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել, որ միջպետական որդեգրումների այս սկանդալի հետևանքով Հայաստանում առողջականա ծանր խնդիրներ ունեցող փոքրիկները առանց ընտանիքի ու անհրաժեշտ թանկարժեք բուժումների մնում են մանկատներում։ Սոցապնախարարության ներկայացուցիչն ասում է՝ պետք է քաջալերենք հայաստանցիներին, որպեսզի իրենք առողջական խնդիր ունեցող փոքրիկների որդեգրեն։

«Հայաստանցիներն ավելի շատ նախընտրում են որդեգրել առողջ երեխաների, բայց ես կարծում եմ՝ այս պարագայում ևս իրազեկվածության որոշակի պակաս կա, որովհետև երեխաներ կան, որ ունեն որոշակի առողջական խնդիրներ, որոնք ամբողջապես լուծելի են», - նկատեց Քալանթարյանը:

Վերջին 20 տարում հաշմանդամություն ունեցող փոքրիկի մի քանի որդեգրման դեպք է եղել Հայաստանում։ Այս տխուր վիճակագրությունն առաժմ բարելավվելու միտում չունի: Հայաստանում առողջական խնդիր ունեցող փոքրիկի որդեգրող ընտանիքների համար խրախուսող, աջակցող մեխանիզմներ չկան։ Արդյունքը՝ այսօր որդեգրման ենթակա փոքրիկների բազայում 68 երեխա է սպասում, այնինչ 200 հոգի որդեգրող ծնողի դրական եզրակացությամբ պատրաստ սպասում է կատարյալ առողջ նորածնի։

XS
SM
MD
LG