Մատչելիության հղումներ

Ռոհանին և Էրդողանը հանդիպել են Իսլամական երկրների վեհաժողովում


Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին ԻՀԿ համաժողովում, Կուալա Լումպուր, Մալայզիա, 19-ը դեկտեմբերի, 2019թ.
Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին ԻՀԿ համաժողովում, Կուալա Լումպուր, Մալայզիա, 19-ը դեկտեմբերի, 2019թ.

Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գումարված «Իսլամական համագործակցության» կազմակերպության գագաթնաժողովին:

Չնայած Սիրիայի հարցում առկա էական տարաձայնություններին՝ երկու երկրները ցանկանում են ընդարձակել կապերն առևտրի, ֆինանսների և դիվանագիտության ոլորտներում:

Մալայզիայում գումարված գագաթնաժողովը վկայում է մահմեդական երկրների հարաբերություններում գոյացած վեճերի մասին, քանի որ 57 պետություն միավորող «Իսլամական համագործակցության» կազմակերպության անդամներից ընդամենը 2 տասնյակ երկիր է պատվիրակներ գործուղել Կուալա Լումպուր:

Մահմեդական հզոր պետություններից համաժողովն անտեսողների թվում է Սաուդյան Արաբիան: Ենթադրվում է, որ սաուդցիները հրաժարվել են վեհաժողովին մասնակցելուց՝ նախևառաջ հաշվի առնելով տարածաշրջանային մրցակիցներ Քաթարի, Իրանի և Թուրքիայի կողմից Կուալա Լումպուրում դիվանագիտական առումով մեկուսացվելու վտանգը:

Էրդողանը Կուալա Լումպուրում խոսել է մահմեդական աշխարհի համերաշխության անհրաժեշտության մասին:

«Հուսանք, մենք կարող ենք օգտագործել այս հնարավորությունը և խթանել մեր համագործակցությունը տնտեսական կապերի, անվտանգության, պաշտպանության, առևտրի, ինտերնետի զարգացման հարցերում: Մենք նաև պետք է ազատորեն մտքեր փոխանակենք այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են իսլամոֆոբիան, ահաբեկչությունը, ներքին հակամարտությունները, կրոնական և ազգային հակասություններից բխող կոնֆլիկտները», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ «Իսլամական համագործակցության» կազմակերպության երկրները փոխադարձ առևտրում պետք է իրենց ազգային տարադրամը կիրառեն:

«Մենք մշտապես ընդգծել ենք, որ երկկողմ առևտուրը պետք է ազատենք օտար տարադրամի ճնշումից, որ օտար տարադրամի փոխարեն պետք է ազգայինով առևտուր անել: Վճարման մեր սեփական համակարգի բացակայությունը թուլացնում է ֆինանսական շուկան, այն առավել դյուրին է ենթարկվում ցնցումներին և մեքենայություններին», - ասել է Էրդողանը:

Իրանի նախագահն ավելի հասցեական է նշել մահմեդական աշխարհին սպառնացող քաղաքական և տնտեսական վտանգները:

«Իսլամական երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն Ամերիկայի դոլարի և Ամերիկայի ֆինասնական ռեժիմի գերակայությանը դիմագրավելու համար: Մահմեդական երկրները կարող են տնտեսապես փոխլրացնել միմյանց: Հետևաբար, պետք է ստեղծել բանկային հատուկ մեխանիզմ և փոխադարձ առևտրում ազգային տարադրամը կիրառել, սա պետք է անպայման քննարկեն մահմեդական աշխարհի տնտեսագետները և փորձագետները», - ասել է Ռոհանին:

Թուրքիայի և Իրանի նախագահները Կուալա Լումպուրում նաև առանձնազրույց են ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG