Մատչելիության հղումներ

Բազմազավակ և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողները ամսական ֆինանսական աջակցություն կստանան


Կառավարության հերթական նիստի ընթացքում, որը գլխավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրը հավանություն է տվել 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ սահմանելու մասին նախագծին:

Այդ մեդալով պարգևատրվել է 9 ծնող:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4320 հազար դրամ` 9 ընտանիքի տրամադրելու համար:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ երեխաների ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու, նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելու, երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու, ինչպես նաև երեխաներին ուղղված այլընտրանքային նոր ծառայությունների ընդլայնելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ չորս գիշերօթիկ հաստատություններին տրամադրվող ընթացիկ դրամաշնորհները 2020 թվականից դադարեցվում է: Ըստ այդմ՝ գործադիրի որոշմամբ առաջարկվում է բյուջեի վերաբաշխում՝ 2019 թվականի նոյեմբեր 1-ից «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառման և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառման շահառուների թիվը ավելացնել 260-ով:

Անդրադառնալով որոշման հետ կապված բարձրացված աղմուկին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հետաքրքիր է, որ այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների: Հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած ի՞նչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր»:

Վարչապետը հիշեցրել է, որ 2003 թվականից ՀՀ-ի պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին բնակարանով ապահովելը ու «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել:

«Մարդիկ են եղել, որ այդ տարիներին եղել են նախարարներ ձեզ հայտնի կուսակցություններից: Այդ ընթացքում բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար: Իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին: Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, և պարզվի ինչ-որ բան, ու այդ մարդիկ հայտնվեն բանտում, ստացվելու է, որ նրանք «քաղաքական հալածյալ» են, ճի՞շտ է», - ասել է գործադիրի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG