Մատչելիության հղումներ

«Աղճատում է հուշարձանի տեսքը». ճարտարապետները դեմ են տպարանի շենքում ընթացող շինարարությանը


Մի քանի օր է` շինարարություն է սկսվել Գրապալատի պատմական շենքում, այն հատվածում, որտեղ պետք է տարածք ստանա Մնջախաղի պետական թատրոնը։ Պաստառի վրա ներկայացված է ապագա շինության էսքիզը, որը, ըստ մի խումբ ակտիվիստ ճարտարապետների, ամբողջությամբ խաթարում է հուշարձան-շենքի տեսքը։

«Կողմ չեմ, քանի որ այդ փոփոխությունն աղճատում է ճարտապետարական արժեքն այս շենքի», - ասաց ճարտարապետ, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նա նշում է՝ մշակույթի նախկին նախարարներ Ամիրյանի ու հեղափոխությունից հետո Մակունցի պաշտոնավարման ընթացքում թատրոնի շենքի նախագիծը մերժվել է, հիմա չի հասկանում, թե ինչու է այն հաստատվել, ավելին՝ չի հասկանում, թե ինչու են հարկատուների փողով միլիոններ ուղղում թատրոնի համար շենք կառուցելուն. - «Որպես հարկատու ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետական միջոցներից պետք է տրամադրվի 212 միլիոն դրամ, որպեսզի Մնջախաղի համար թատրոն կառուցվի», - նկատեց նա:

Շենքերի այս համալիրը նախագծվել է 30-ականներին ճարտարապետներ Մազմանյանի ու Մարգարյանի կողմից: Այն ամբողջանում է Տերյան, Իսահակյան, Կորյուն ու Քոչար փողոցներով ձգվող շենքերով։ Գրապալատի համալիրում տեղավորված էին հրատարակչական գործով զբաղվող բազմաթիվ կառույցներ՝ թերթերի, գրքերի տպարաններ, հրատարակչություններ։ Տերյան փողոցի հատվածում պետհրատն էր, որտեղ աշխատել է Եղիշե Չարենցը։ Համալիրի ձևախեղումն սկսվել է հենց խորհրդային տարիներին, երբ քանդվեցին մի կողմի սյունաշարերը, և կառուցվեց տարածքի հետ ոչ մի կապ չունեցող բազամահարկ։ Մի սյուն, անհասկանալի է՝ ինչու, մնացել է: Խնդրահարույց, այսօր շինարարական փոշու մեջ գտնվող հատվածը Քոչարի փողոցի վրա է, վերին հարկում գրքի կենտրոնական պահեստն էր, որ այժմ ամբողջությամբ քանդվել է ու պետք է թատրոն դառնա։ Ըստ նախագծի՝ շենքը պետք է նաև մոտ մեկ մետրով բարձրանա:

«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության հեղինակ Իզաբելլա Սարգսյանը համացանցում խումբ է ստեղծել, ստորագրահավաք սկսել՝ շինարարությունը կասեցնելու պահանջով. - «Ինձ ասում են՝ շատ սիրուն է, ի՞նչ է եղել, հարկ են ավելացնում: Գիտեք՝ ճարտարապետը, որը նախագծել է, եթե պատկերացներ, որ այդտեղ հարկ պիտի լիներ, ինքն այդ հարկը կավելացներ, եթե այսպես է նախագծել, ուրեմն դա ճարտարապետական միտք է եղել»,- շեշտեց նա:

Շենքը պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում է: Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ սա նույնիսկ կապ չունի, հանրային շենքում պետությունը բյուջեով ինչ-որ բան է նախաձեռնել առանց հանրային քննարկման. - «Ընդհանրապես էական էլ չի՝ ցանկում կա, թե չկա, որովհետև այդ ցանկերը նախորդ իշխանությունը երբ ուզում, ում ուզում, մտցնում ու հանում էր: Էտպես հանեցին Բուզանդի փողոցի շենքերը, դրեցին, քանդեցին, դա ինձ համար չափանիշ չի: Ես կողմ եմ ընդհանրապես քննարկմանը: Սրանով է տարբերվում նոր Հայաստանը Սերժ Սարգսյանի Հայաստանից, երբ կամայական Նարեկ Սարգսյանը որոշում էր, ու անում էին: Հեղափոխություն է եղել հենց նրա պատճառով, որ մարդիկ չպիտի դուրս մնան», - հայտարարեց նա:

Ո՞վ է ի վերջո հաստատել էսքիզային նախագիծը, որով նախատեսվում է պատմական շենքի արտաքին տեսքը փոփոխության ենթարկել, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանն ասաց՝ մշակութային գերատեսչության մասնագիտական խորհուրդը. - «Հարցը սեպտեմբերին դրվել է քննարկման, և ձայների մեծամասնությամբ, ընդ որում ոչ թե քվորումի պարագայում բացարձակ մեծամասնությամբ, մեկ ձեռնպահով անցել է այս նախագիծը», - հայտնեց նա:

Նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամներից 12 հոգի է մասնակցել նիստին։ Ըստ Խաչատուրյանի, որևէ միահեծան որոշում չի կայացվել, բոլորը մասնագետներ են, քննարկել են շենքի սեյսմիկ անմխիթար վիճակը, Մնջախաղի թատրոնի տարածք ունենալու անհրաժեշտությունն ու որոշել՝ շենքը նախ ամրացնել, ապա վերնահարկը մի փոքր բարձրացնելով թատրոն կառուցել: Խաչատուրյանը սրա դեմ պայքարողներին առաջարկում է հիշել, թե ինչ անմխիթար պատկեր էր այս տարածքում:

«Անձրևաջրեր, բորբոսներ և այլն: Ես շատ կուզենամ, որ մարդիկ ձեռքը դնեն իրենց խղճին և նախ հիշեն, թե իրենք ինչ են արել այն ժամանակ, երբ որ մեր գրատպությունը ոչնչանում էր բառիս բուն իմաստով, որովհետև գումար չկար, որպեսզի տանիքը տեսքի բերվեր», - նկատեց փոխնախարարը:

Այսպես թե այնպես ողջ համալիրը աղավաղվել է, փոխնախարարը մատնացույց է անում ռեստորան, բար, ճաշարանների ավերածությունները, որ առաջին հարկերի տեսքն ամբողջությամբ փոխել են։ Ի դեպ, շինարարությունը սկսվել է, պաստառի վրա նշված է վերակառուցում, սակայն պարզվում է կառավարության որոշում, որ անհրաժեշտ է հուշարձան շենքերի փոփոխության համար, չկա: «Կլինի», - ասում է Խաչատուրյանը, ապա հավելում. - «Այս պահին քանի դեռ կառավարության այդ որոշումը չկա, որը կլինի, երբ բոլոր փաստաթղթերը... ենթադրում եմ, որ անպատճառ կլինի, քանի որ բոլոր կազմակերպությունները, որոնք այսպես ասած՝ ի պաշտոնե իրենց կարծիքը տվել են, դրական են տվել, այսինքն՝ ինչի՞ հիման վրա կառավարությունը դա պիտի մերժի»:

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստակաան ղեկավար Ժիրայր Դադասյանի կաբինետը պատանի հանդիսատեսի թատրոնի միջանցքն է: Նա ասում է՝ սեփական տարածք ունենալուն սպասում են 35 տարի, այս ընթացքում տարբեր փառատոններից վերադառնում գրանպրիներով, առաջին մրցանակներով:

«35 տարի լինելով պետական թատրոն՝ պետությունը գումար չէր տալիս շինարարության և տարածք չէր տալիս, վերջապես մի քիչ գումար է հատկացրել, որպեսզի մեր պետական թատրոնը վերջապես ունենա իր տարածքը, ի դեպ ժանրային միակ թատրոնը», - շեշտեց նա:

Վերջինս վստահ է՝ շենքն այս վերակառուցմամբ փրկվում է․ տարածքում սննդի օբյեկտներ են, կփորձեն մշակութային միջավայր ստեղծել։ Վերնահարկի ավելացումը Դադասյանն անհրաժեշտ է համարում և չի կարծում, որ պատմական շենքի արտաքին տեսքը փչացնելու է, շենքի այդ հատվածը նա բանտի է նմանեցնում, իսկ իրենց դահլիճ է պետք. - «Չեմ պատկերացնում՝ ոնց կարող է լինել դահլիճ 3.5 մետր բարձրությամբ առաստաղով տարածքում: Եթե մի մետր բեմը լինի, մի մետր էլ առլեկինը լինի, պատկերացնո՞ւմ եք, դերասանի կեսն է երևալու բեմի վրա»:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը կասկած չունի՝ տարիներ անց շնորհակալություն են լսելու նախագծի իրականացման համար: Իսկ պատմական շենքի փոփոխության դեմ պայքարողները սպասում են նախարարության պաշտոնական պարզաբանմանը և 3 ժամում արդեն 170 ստորագրություն են հավաքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG