Մատչելիության հղումներ

3 անձ, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ձերբակալվել են` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով


Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը
Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա հավելեց, որ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է ոչ միայն Ռազմիկ Աբրահամյանը, այլև փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

ՔԿ-ից հիշեցնում են, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը 2 կամ ավելի երեխայի նկատմամբ, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունից նոյեմբերին հայտնել էին, որ ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։

Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, երկու հայաստանցիներ օգտագործել են իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու նաև մանկատներում, հայաստանյան օրենքների կոպիտ խախտմամբ կազմակերպել են ավելի քան 30 փոքրիկների որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG