Մատչելիության հղումներ

Հայաստանից արձագանքում են՝ պետք է ամեն ինչ անել, որ ԱՄՆ վարչակազմը փոխի իր դիրքորոշումը


Ռուբեն Ռուբինյան, արխիվ
Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների վատթարացող ֆոնին Սենատում անցած շաբաթ ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունն ամենևին էլ անսպասելի չէր, նման տեսակետ ունի քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա հիշեցնում է՝ Սենատի երկու պալատների ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն իրավական փաստաթուղթ չէ, և այն չի պարտադրում ԱՄՆ նախագահին ու դեսպաններին 1915 թվականի իրադարձությունները կոչել «ցեղասպանություն» տերմինով։

«Սպասելի էր, որ Պետդեպարտամենտը, նաև բնականաբար ադմինիստրացիան պնդում են, որ իրենց դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։ Ի դեպ, այս որոշումը նոր չէ, որոշումը վերջին 30-40 տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել, և տարբեր բանաձևեր ընդունվել են, տարբեր քննարկումներ Ներկայացուցիչների պալատում և Սենատում եղել են, բայց ադմինիստրացիայի դիրքորոշումը մշտապես եղել է նույնը, այդ թվում՝ եղել է այն ադմինիստրացիաների դիրքորոշումը նույնը, ինչպիսին է, ենթադրենք, Բարաք Օբամայի ադմինիստրացիան: Գիտեք, որ նաև Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչման, այսպես ասենք, ջատագովներից էր, երբ որ սենատոր էր», - ասաց նա:

Սարգսյանը կարծում է, որ այս պահին թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմականորեն ամենացածր մակարդակում են գտնվում, այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ վարչակազմը փորձում է տարբեր քայլերով դրական հուն մտցնել այդ հարաբերությունները։

«Պետք է արդեն սա որպես հիմք ընդունենք որպես քաղաքական նախադեպ և շարունակենք մեր պայքարը Վաշինգտոնում, որպեսզի Ցեղասպանությունն արդեն ճանաչվի գործադիրի մակարդակով, և նախագահն օգտագործի այս բառն ամեն անգամ, երբ խոսում է այս դեպքերի և երևույթների մասին: Սա առաջին հերթին և երկրորդ հերթին, որևէ պետական պաշտոնյա, այդ թվում՝ դեսպանները, գիտեք, որ նաև Հայաստանում նախկին դեսպան Էվասը հետ էր կանչվել «ցեղասպանություն» եզրույթն» օգտագործելու համար: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն», - նկատեց քաղաքագետը:

Նախօրեին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, մեկնաբանելով Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է այդ հարցի վերաբերյալ: Գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարն ասել էր, որ իրենց մոտեցումն արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի արած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, ապրիլի 24-ին նախագահ Դոնալդ Թրամփը ցեղասպանության փոխարեն «Մեծ եղեռն» տերմինն էր օգտագործել։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բնական է համարում, որ ԱՄՆ վարչակազմը դեռ իր դիրքորոշումը չի փոխել, սակայն ասում է՝ լավ կլիներ, որ Սենատի կողմից բանաձևի ընդունումից անմիջապես հետո ԱՄՆ օրենսդիր մարմինը ևս փոխեր իր դիրքորոշումը։ Ռուբինյանը նկատում է՝ նույն Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը մեկ օրվա ընթացքում տեղի չի ունեցել։

«Նույն Կոնգրեսի դեպքում պետք է նայել, թե որքան տարիներ են անցել, մինչև մենք ունեցանք այս աներկբա ճանաչումը և դատապարտումը», - ասաց նա:

Պատգամավորն ընդհանրապես Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևորագույն քայլ է համարում՝ ցեղասպանության դատապարտման, պատմական արդարության վերականգման և նման ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ. - «Մենք նաև կարծում ենք, որ սա պետք է որոշակի փոփոխություններ բերի, կամ հույս ունենք, որ նման փոփոխություններ կբերի ԱՄՆ քաղաքականության հարցում»:

Ռուբինյանն ասում է՝ իշխանությունները շարունակելու են քայլեր ձեռնարկել, որպեսզի նաև ԱՄՆ վարչակազմը փոխի իր դիրքորոշումը։ Հիշեցնում է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից։


XS
SM
MD
LG