Մատչելիության հղումներ

Չնայած պրոպագանդային՝ ռուսաստանցիներն սկսել են ավելի լավ վերաբերվել Արևմուտքին և Ուկրաինային․ հարցում


«Լևադա կենտրոնը» հարցում է անցկացնում, արխիվ

Չնայած պրոպագանդային և դաշնային հեռուստաընկերությունների բազմաթիվ թոք շոուներին, որտեղ կոշտ քննադատվում են Եվրամության, Միացյալ Նահանգների և հատկապես Ուկրաինայի իշխանությունները, ռուսաստանցիներն սկսել են այդ երկրներին ավելի լավ վերաբերվել։ Սա են վկայում «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները։

Կենտրոնի հրապարակած հարցմանը Հայաստանի մասին տեղեկություն չկա, կա Վրաստանի մասին, և ի տարբերություն Միացյալ Նահանգների կամ Ուկրաինայի՝ Վրաստանի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը վերջին տարում չի փոխվել։ Այսպես, անցած տարի հարցված ռուսաստանցիների 46 տոկոսն էր լավ վերաբերվում Վրաստանին, այս տարի՝ 49 տոկոսը։ Անցած տարի Վրաստանին վատ էր վերաբերվում հարցվածների 31, այս տարի՝ 35 տոկոսը։

Հիշեցնենք՝ այս տարի ամռանը ռուս-վրացական առանց այդ էլ գրեթե սառեցված հարաբերությունները է՛լ ավելի էին վատացել Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաների ֆոնին։ Մոսկվան և Թբիլիսին այսօր հայտարարում են հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին, իսկ Վրաստանն այսօր էլ մնում է ռուսաստանցիների զգալի մասի համար սիրված զբոսավայր։

Այսօր ռուսաստանցիների շուրջ կեսը լավ է վերաբերվում Միացյալ Նահանգներին։ Անցած մեկուկես տարվա ընթացքում ռուսաստանցիների թիվը, ովքեր լավ են վերաբերվում ԱՄՆ-ին, 20-ից աճել է մինչև 47 տոկոս: Միևնույն ժամանակ, նվազել է ԱՄՆ-ին վատ վերաբերվողների թիվը՝ 2018-ի մայիսին հարցվածների 69 տոկոսն էր հայտնել իր բացասական վերաբերմունքի մասին, այժմ՝ միայն 41 տոկոսը:

Եվրամիությանը անցած տարի վատ էր վերաբերվում հարցվածների 34, այս տարի՝ 33 տոկոսը, և լավ՝ անցած տարի 49, այս տարի՝ 52 տոկոսը։

Թերևս ամենահետաքրքիրը այս հարցման արդյունքներում ռուսաստանցիների վերաբերմունքն է Ուկրաինային՝ անցած տարվա համեմատ 19-ով ավելացել է սլավոնական այդ երկրին լավ վերաբերվող ռուսաստանցիների տոկոսը՝ 37-ից հասնելով 56-ի։ Սա այն դեպքում, երբ Ուկրաինային կոշտ քննադատելը ռուսական քաղաքական թոք շոուների հիմնական թեմաներից է։ Ինչպես ռուսաստանցիներն են այսօր գրել համացանցում՝ նրանք սկսել են ավելի քիչ ականջ դնել պրոպագանդային։

Հավելենք, որ ավանդաբար ռուսաստանցիները լավ են վերաբերվում Բելառուսին՝ հարցվածների 84 տոկոսը, և Չինաստանին՝ 75 տոկոսը։ Այս պատկերը գրեթե չի փոխվում վերջին հինգ տարիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG