Մատչելիության հղումներ

ՊԵԿ իրավական գործողությունների արդյունքում «պետբյուջե է վերականգնվել 46.8 մլրդ դրամ»


ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը մամուլի ասուլիս է տալիս, Երևան, 17-ը դեկտեմբերի, 2019թ.
ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը մամուլի ասուլիս է տալիս, Երևան, 17-ը դեկտեմբերի, 2019թ.

Պետեկամուտների կոմիտեի միայն իրավական գործողությունների՝ քրեական գործերի, վարույթների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջե է վերականգնվել 46.8 միլիարդ դրամ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը մանրամասնեց, որ գումարը գրեթե ամբողջովին գանձել են խոշոր ու միջին բիզնեսից. - «Կարող եմ վստահ ասել, որ փոքր բիզնեսին գրեթե բաժին չի ընկնում, ի դեպ ասեմ՝ 46.8 միլիարդի կազմում գտնվող 37 միլիարդը հարկ վճարողների կողմից առաջացրած հարկային պարտավորությունները գանձելու մասին է խոսքը, այսինքն՝ դա ստվեր չէ, դա հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվություններով առաջացրած հարկային պարտավորություններն են, որոնք ինչ-ինչ պատճառներով ուշ են վճարվել կամ չեն վճարվել, կամ վճարվել են հսկողական բռնագանձման աշխատանքների իրականացման արդյունքում», - ասաց նա:

Նախորդ՝ 2018թ. առաջին 11 ամիսներին ՊԵԿ-ի նույն՝ իրավական քայլերի արդյունքում պետբյուջե էր փոխանցվել նկատելիորեն ավելի քիչ գումար՝ 24.5 միլիարդ դրամ։ Էդվարդ Հովհաննիսյանին հարցրեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ ՊԵԿ-ն այս տարի անհամեմատ ավելի շատ գումար է փոխանցել պետբյուջե, քան նախորդ տարվա առաջին 11 ամիսներին։

«Թվերի աճը ես բացատրում եմ տնտեսական ակտիվությամբ: Եթե նկատեցիք, 46.8 միլիարդի մեջ մեծ մասը բաժին էր ընկնում բռնագանձման աշխատանքների արդյունքում վերականգնված գումարին՝ մոտ 37 միլիարդ դրամ: Սա նշանակում է, որ հարկ վճարողների կողմից առաջացրած հարկային պարտավորությունները ավելի շատ վերականգնվել են բռնագանձման աշխատանքների շնորհիվ, այսինքն՝ աշխատանքների ծավալը ավելի շատ ու ավելի ընդլայնուն է եղել, որի արդյունքում բռագանձված գումարի չափը մեծացել է», - բացատրեց ՊԵԿ փոխնախագահը:

Նշված 46.8 միլիարդից զատ, ներկայում ՊԵԿ-ում քննվում է 330 քրեական գործ, որոնց շրջանակում պետբյուջեին պատճառած վնասը կազմում է 32 միլիարդ դրամ, որից գազալցակայաններին վերաբերող մասը կազմում է 16.7 միլիարդ դրամ։

Դեռ ապրիլին՝ կառավարության նիստի ժամանակ գազալցակայանների ու բենզալցակայանների խնդրին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՀԴՄ կտրոններ ցուցադրաբար չեն տալիս։
«Գնացեք, մի գազալցակայանին հազար անգամ օրը տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, ինչի՞ չեք տուգանում, արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք, նստացրեք այդ մարդկանց, էս ի՞նչ ձև է»,- ասել էր վարչապետը:

Այսօր ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծեց՝ միայն գազալցակայանների մասով ներկայում քննում են 31 քրեական գործ. - «Խախտման բնույթը պայմանավորված է նախկինում՝ մինչև հեղափոխությունը, գազալցակայանների կողմից ավելի շատ գազի ծավալների իրացման հետ, որոնց համեմատական վերլուծությունը հեղափոխությունից հետո անհամեմատ տարբեր էր և խոսում էր ստվերային շրջանառություն ունենալու վերաբերյալ: Պետեկամուտների կոմիտեն, կիրառելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները հարկերի անուղղակի հաշվարկի վերաբերյալ, շատ հիմնավոր կերպով հիմնավորել և ապացուցել է, որ նախկինում ավելի շատ ծավալի գազ է իրացվել, քան հեղափոխությունից հետո, և այդ մեթոդներով հաշվարկել ու առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավորություններ», - շեշտեց նա:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չի կարծում, թե 46.8 միլիարդ դրամի փոխանցումը պետբյուջե վկայում է, որ բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացել է. - «Չեմ կարծում, որ ճնշում է, ուզում եմ հիշեմ՝ կարող է ճնշում կա, ես եմ սխալ ընկալել, բայց ոնց որ թե այդպիսի զգացողություն չունեմ: Շատ բարելավման տեղեր կան, սա ստուգում իրականացնողների մոտեցումներից, բայց ինքը աստիճանական գործառույթ է, բարելավումն աստիճանական գնում է, հետևաբար ինքն ընթացքի մեջ է, ինչքան որ ես եմ տեղյակ էլի: Հետո թափանցիկությունը, որ կա, մի բան էլ, որ լինում է, Անանյան Դավիթն է արձագանքում Ֆեյսբուքում, հիմա մի քիչ քիչ, բայց արձագանքում է, ինքը լավ է, նաև զսպող է պահում ներքևի օղակի պաշտոնատար անձանց», - նշեց նա:

Պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գանձված հարկերն ու տուրքերը կազմել են 1 տրիլիոն 202 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 162 միլիարդ դրամով կամ 15.5%-ով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG