Հայաստանյան հասարակական 6 կազմակերպություններ արձագանքում են օրերս իրավապաշտպան Արթուր Սաքունցին ուղղված Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հայտարարությանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Հանրային լրագրության ակումբ և «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպությունները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջով, որ վերջինս հանձնարարի ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել նախորդ տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցած խոշոր իրադարձությունների ուսումնասիրությամբ։
Մասնավորապես՝ 1995 թվականից սկսած մինչ 2017 թվականը տեղի ունեցած նախագահական, խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեների զանգվածային ընտրակեղծիքների, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ու 2008 թվականի Մարտի 1-ի կազմակերպիչների ու իրականացնողների բացահայտմամբ։
«Այդ կառույցում կային մարդիկ, ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները կուրացիա անող ղեկավարներ, որոնք զբաղված էին ընդդիմության հետապնդմամբ, քաղհասարակության հետապնդմամբ, ինֆորմացիաների հավաքագրմամբ, կոմպրոմատների հավաքագրմամբ։ Էդ ամբողջ ստրուկտուրայի ԱԱԾ-ի էդ մասը իմաստը կորցրել ա, այսինքն՝ երբ որ ժողովրդավարական փոփոխությունները հասնեն ԱԱԾ էդ մարդիկ գործազուրկ են մնալու, լավագույն դեպքում գործազուրկ են մնալու, իսկ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվեն նրա համար, ինչ որ արել են և, բնականաբար, էդ մարդիկ պիտի դիմադրեն», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կոշտ գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ ԱԱԾ պետի պաշտոնակատարին կոչ անելով հանրությանը ներկայացնել ծառայության վարչությունների պետերի, վարչությունների բաժինների պետերի, ԱԱԾ պետի տեղակալների և նրանց հետ կապակցված անձանց անուններով, նրանց կողմից փաստացի տիրապետվող գույքերի, սեփականության մասին տվյալները, ինչին էլ հաջորդել էր ԱԱԾ-ի կրկին կոշտ հայտարարությունը։ Սաքունցի կոչն ԱԱԾ-ն որակել էր «անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած» գրառում, որն «անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները»։
Հասարակական կազմակերպությունները ԱԱԾ-ի հայտարարությունը «աչքակապություն, մերկապարանոց, զվարճալի և քաղաքական զեղծարարություն» են համարում, այն համատեքստում, երբ ծառայությունը, ըստ հասարակական կազմակերպությունների, տարիներ շարունակ բացարձակ անգործություն է դրսևորել ազգային անվտանգությունը վտանգած մի շարք երևույթների բացահայտման գործում։
6 կազմակերպությունները նաև կոչ են անում ստուգել, թե ինչ մեխանիզմով և ովքեր են իրականացրել Հայաստանից 2004-ից 2013 թվականներին ավելի քան 10-ը միլիարդ դոլարի ապօրինի տարհանումը, ուսումնասիրել 1991 թվականից ի վեր Հայաստանի հանքային հարստությունները չնչին գներով հայաստանյան և անդրսահմանային կորպորացիաներին օտարելու մեխանիզմները, բացահայտել ԱԱԾ-ի կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և օգտագործման դեպքերը, ուսումնասիրել ԱԱԾ բազմաթիվ պաշտոնատար անձանց անհասկանալի և կասկածահարույց կերպով հարստանալու օրինականությունը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ հեղափոխությունը դեռևս ԱԱԾ չի հասել, այդ իսկ պատճառով էլ հասարակությունն իրենց բարձրացրած հարցերի պատասխանները դեռ չի ստացել։
«Այստեղ լրջագույն հարցեր կան և հարցեր կան, որ ուղղակի ակնհայտ են, այսինքն՝ ո՞վ էր խանգարում նախկինում նույն քննիչներին, նույն ԱԱԾ-ի օպերներին բացահայտել Մարտի 1-ի գործը, ինչ-որ մարդիկ խանգարում էին, ուրեմն այդ քննիչները և այդ օպերները պետք է ցուցմունք տան և պետք է ասեն, թե ով էր իրենց խանգարում», - նշեց Իոաննիսյանը։
Հասարակական կազմակերպությունները կոչով դիմում են նաև ԱԱԾ ղեկավար աշխատակազմին, ՀՀ կառավարությանը՝ հրատապ ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման, աշխատակիցների, իրենց ձևակերպմամբ, քննազտման քաղաքականության մշակման և ներդրման ուղղությամբ, որ համակարգը դառնա անհրաժեշտ և բավարար չափով բաց, հաշվետու հանրությանը։
«Փոխանակ քաղաքացիական ակտիվիստներին հետապնդելու սովորության համաձայն կամ նրանց խոսքերին արձագանքելու, որակելու էմոցիոնալ կամ այլ կերպ նրանց ելույթները կամ քննադատությունները, այն պետք է իր գործը անի և բոլորովին հարիր չէր, որ հայտարարությամբ հանդես եկավ, որով որ նա փորձում էր, իր կարծիքով, տեղը դնել քաղաքացիական ակտիվիստներին, հասարակական գործիչներին։ Կարծում ենք, որ ԱԱԾ-ն անելիք ունի պետության մեջ և պետք է պարզապես վերանայվեն նրա լիազորությունների գործունեության շրջանակը», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Հասարակական կազմակերպությունները դիմում են նաև Ազգային ժողովին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, որ նրանք չհետաձգեն ԱԱԾ համակարգի արմատական մաքրման և բարեփոխման հրամայականը։
Հակառակ դեպքում, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, մեծ է ռիսկը, որ ԱԱԾ-ն մնալու է հանրությունից փակ, իսկ հանրության կասկածները մնալու են չփարատված, որ ծառայությունը եղել է պետության զավթման տևական շրջանի սպասարկու համակարգ։