Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն ավելի քան 2,1 միլիարդ դրամի խախտումներ է հայտնաբերել «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում


Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ավելի քան 2,1 միլիարդ դրամի խախտումներ ու թերություններ է հայտնաբերել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում։

Մասնավորապես, ըստ ՊՎԾ-ի, գարնանն առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի պետական հաշվեկշռում գտնվող ջրերը ջրօգտագործողներին մատակարարող ընկերությունը կատարել է ավելի քան մեկ միլիարդ դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր։ Ավելի քան 40 միլիոն դրամի աշխատավարձ է դուրս գրվել, բայց չի վճարվել, ընկերության
մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանից, սակայն մոտ 12 միլիոն դրամ աշխատավարձ են ստացել:

Ընկերությունը խախտել է հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալները ընդունելի մակարդակից գերազանցել են 90,372.8 հազ. մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է ավելի քան 204 միլիոն դրամ։ Սրանք ՊՎԾ բացահայտումներից ընդամենը մի քանիսն են։

ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ասում է՝ իրենց ուսումնասիրությունը ներառել է 2014-ից 2018 թվականները, հայտնաբերված խախտումների մասին զեկուցել են վարչապետին և վերջինիս հանձնարարությամբ բոլոր նյութերն ուղարկել են դատախազություն։ Զաքարյանը մանրամասնում է իրենց հայտնաբերած ամենախոշոր խախտումը:

«Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ջրանցքների մաքրման աշխատանքները կազմակերպելիս միևնույն անձի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքվել են տարբեր գումարի չափով պայմանագրեր, որոնք որևէ կերպ չեն հիմնավորվել։ Ունենք դեպքեր, երբ միևնույն աշխատանքի համար վճարվել է մի գումար, սակայն նույն ծավալի, նույն օրերի համար կատարված աշխատանքի համար նույն անձին վճարվել է մի քանի անգամ կամ կարելի է ասել տասնյակ անգամ ավելի մեծ չափով գումար։ Համապատասխան քննություն կիրականացվի և բոլոր հարցերի պատասխանները դրա արդյունքում կտրվեն, որովհետև ֆինանսական փաստաթղթեր են։ Ինչպես գիտեք ֆինանսական փաստաթղթերը ստորագրվում են, կա ենթակայություն, ես կարծում եմ ընդհանուր առմամբ համալիր պատկեր կունենանք քննության ընթացքում, բայց էն մեխանիզմները, որ մենք վեր ենք հանել, կոռուպցիոն մեխանիզմները, դրանք փաստեր են», - նշեց Զաքարյանը։

«ՋՐԱՌ» ՓԲԸ-ից հայտնում են՝ իրենք 71 էջ պարզաբանում են ներկայացրել ՊՎԾ-ին ուսումնասիրությունների վերաբերյալ, ընկերության փոխտնօրեն Էդուարդ Սարգսյանը ժամանակից առաջ ընկնել ու ասել, թե ինչն ինչոց է, չի ուզում։

«71 էջ բան ենք գրել, հիմա բոլորը մեկ-մեկ ասե՞մ, դե ամենագլխավորը՝ ամեն կետին էլ անդրադարձել ենք, որ մենք էլ մեր դիտարկումներն ենք գրել էլի, մենք բոլորս ստեղ աշխատում ենք ավելի ուշ էլի։ Օրինակ՝ ես էս «ՋՐԱՌ»-ում աշխատում եմ 17 թվականից», - ընդգծեց Էդուարդ Սարգսյանը։

Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնելուց առաջ տեղի ունեցածի մասին խոսել չի ուզում, «Ազատության» հարցին ի պատասխան ինքն է հարց տալիս. «Հիսուս Քրիստոսից առաջ ի՞նչ է եղել, կարա՞ք ասեք, հետո Հիսուս Քրիստոսը եկավ չէ՞, հետո Քրիստոսից հետո շատ բան փոխվեց, հիմա բաներ եք հարցնում, որ ենթադրենք ես չեմ կարա մեղադրական եզրակացություն անեմ, ասեմ՝ էս մարդիկ սխալ են արել»։

2017-ից պաշտոնավարող Սարգսյանի պնդմամբ՝ իր օրոք չարաշահումներ չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG