Մատչելիության հղումներ

«Անտարես» հրատարակչությունն առաջարկում է գրքեր նվիրել մեկմեկու


Արխիվային լուսանկարը
Արխիվային լուսանկարը

Տարեցտարի ավելանում են տարբեր կազմակերպությունների՝ գրադարանների, գրավաճառ կենտրոնների և, իհարկե, նաև գրահրատարակչությունների կողմից նախաձեռնվող տարբեր ակցիաներ՝ էլ ավելի մերձեցնելու մեր համաքաղաքացիներին գրքին ու ընթերցանությանը։

Այսօրվանից էլ, ահա, մինչև երկուշաբթի մեր համաքաղաքացիները կարող են մասնակցել գրքի տոնի, որը նախաձեռնել է «Անտարես» հրատարակչությունը։ Ամանորյա այս օրերին հրատարակչությունն առաջարկում է գրքեր նվիրել մեկմեկու։

Առավոտվանից եռուզեռ էր հրատարակչության «Դարան» գրախանութում, որտեղ ընթերցողները կարող են ձեռք բերել գրքեր 20-70 տոկոս զեղչով։

«Ազատության» հետ զրույցի ընթացքում «Անտարես» Հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց. «Վաղը և մյուս օրը, ուրբաթ, շաբաթ, կիրակի «Անտարեսը» սկսում է իր գրատոնը և ուղերձն է՝ «Անտարեսը» տոն է տալիս։ Դեկտեմբեր ամիսն առանձնանում է նրանով, որ մարդիկ շատը Նոր տարվա կապակցությամբ կամ Սուրբ ծնունդին իրար նվերներ են տալիս, մենք հնարավորություն ենք տալիս գրքասերներին, որ նվերը լինի գիրքը, գնալով հասարակության մեջ էդ ավանդույթը գիրք նվիրելու մեծանում է, արմատավորվում է։ Էսօր, վաղը, մյուս օրը այստեղ կլինեն 20-70 տոկոս զեղչեր, կլինեն հատուկ միջոցառումներ, շատ հետաքրքիր մարդիկ են գալու «Դարան» գրախանութ և իրենք են գրքերը վաճառելու»։

«Ազատության» հարցին՝ նկատի ունի արվեստագետնե՞ր, Մարտիրոսյանը պատասխանեց. «Հայտնի և հետաքրքիր, ընթերցասեր մարդիկ։ Կլինեն նաև գրքեր, որ ընթերցողը կասի դրա գինը, կասի՝ «ես պատրաստ եմ էս գնով առնել» ու իրան կտան էդ գնով»։

Դե իսկ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն էլ ասաց. «Մենք սովորաբար տարվա ընթացքում շատ-շատ ենք լսում, որ գրքերը թանկ են, բայց տեսնում ենք նաև, որ ձգտումներ կան մարդկանց կողմից, որպեսզի գրքեր ունենան մանավանդ, որ ամբողջ տարվա ընթացքում «Անտարեսն» էնպիսի գրքեր է տպագրում, որ գայթակղությունը ունենալ-չունենալու ընթերցողների մոտ մեծ է, և դրա համար մենք որոշել ենք ավանդույթ դարձնել, անցած տարի էլ ենք արել և յուրաքանչյուր տարի Նոր տարուց երկու շաբաթ առաջ կազմակերպում ենք այս գրատոնը, որի ընթացքում մեր բոլոր ընթերցողները, մեր գրքերի սիրահարները հնարավորություն կունենան մեծ զեղչերով լավ մթնոլորտում, լավ գրողների, լավ թարգմանիչների, լավ գրքի խորհրդատուների շրջապատում ընտրել և տուն տանել հրաշալի գրքեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG