Մատչելիության հղումներ

Հայկ Գևորգյանին չի զարմացրել իշխանության վարկանիշի անկումը, ընդդիմադիրները պատճառներ են բերում


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, արխիվ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, արխիվ

«Ես որևէ լուրջ խնդիր կամ անսպասելի բան կամ անակնկալ չեմ տեսնում, այդպես էլ պետք է լիներ»: Իշխանական «Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանին չի զարմացրել իշխանության վարկանիշի անկումը։

Չի կարծում, թե իրենք իդեալական են աշխատում, բայց հրապարակված վերջին հարցումներին իր բացատրությունն ունի՝ հանրությունը փոփոխություններ է ակնկալում ընտրությունների հաջորդ իսկ օրը, իսկ իրենց նախընտրական խոստումները, ըստ պատգամավորի, 5 տարվա համար են, ինչը, համոզված է, կատարելու են։

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած նոր հարցման, «եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ւմ կընտրեիք» հարցին, քաղաքացիների 55 տոկոսը պատասխանել է՝ «Իմ քայլին», նախորդ՝ մայիսին անցկացված հարցման ժամանակ իշխանական ուժի վարկանիշը 4 տոկոսով ավելի բարձր էր։

Հարցվածների 59 տոկոսն ասել է, որ երբեք չի քվեարկի Հանրապետական կուսակցության օգտին, և միայն 4 տոկոսն է համաձայն իր քվեն տալ Սերժ Սարգսյանի ղեկավարած նախկին իշխող ուժին: Ընդ որում, այս ցուցանիշը նախորդ հարցման համեմատ մեկ տոկոսով էլ է նվազել:

Հայկ Գևորգյանը իրենց ցուցանիշի անկման համար ամենևին երկրորդական չի համարում, նրա խոսքով, իշխանության դեմ տարվող հետևողական հակաքարոզչությունը. - «Դրա վրա դրվել են աննկարագրելի մեծ գումարներ, աննկարագրելի ուղղակի, որը 6-7 զրոներով է հաշվարկվում՝ դոլարով արտահայտված, դա էլ է նորմալ, դա էլ է որոշակի ազդեցություն թողնում: Բացի դրանից, մենք իրականացնում և իրականացնելու ենք բավականին ցավոտ ռեֆորմներ, որոնք մի քանի տարի հետո պիտի արդեն իրենց դրական արձագանքը տան: Այնպես որ, դրանում որևէ աննորմալ բան չկա, հենց էտպես էլ պետք է լիներ: Ճիշտն ասած՝ ինձ ուրախացրեց, որ ընդամենը այդքան տոկոսով է իջել վարկանիշը», - ասաց նա:

Կառավարության հաջողությունը քաղաքացիները կոռուպցիայի նվազումն են համարում, ձախողումն, ըստ հարցման, վատ կառավարումը. այսպիսի տեսակետ ունեցողների թիվը 27 տոկոս է՝ 5 տոկոսով ավելի նախորդ հարցման տվյալներից։

«Մարդկանց գիտակցության մեջ համառորեն դրվել է այդ թեզը, որ մենք անփորձ ենք, որ կառավարել չգիտենք, որովհետև ուրիշ որևէ բանի չեն կարողացել կպչել, կոռուպցիան նվազել է, բյուջեն չի թալանվում, ու վերցնում են օդից մի ինչ-որ բան՝ վատ կառավարում: Դրան էլ գումարեք, որ հեսա Ղարաբաղը հանձնում ենք, հեսա ազատագրված հողերը ծախում ենք, չգիտեմ՝ ինչ ենք անում, էս ենք անում, էն ենք անում, այն, ինչ որ դրված է քարոզչության հիմքում, այսինքն՝ ոչ չափելի ինչ-որ բաներ, այն, ինչ որ չափելի է, որևէ քննադատության ենթակա չէ», - շեշտեց Հայկ Գևորգյանը:

Նախորդ հարցման համեմատ աճել է խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի վարկանիշը։ «Իմ քայլ»-ին մեծ տոկոսային տարբերությամբ հետևում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 19 տոկոսով, եռյակը եզրափակում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ 6 տոկոսով: Այս ուժերը դեկտեմբերյան արտահերթ ընտրություններում ստացել էին 8 և 6 տոկոս ձայն:

Չնայած դրան ընդդիմադիրները չեն կարծում, թե այդ թվերը արտահայտում են իրենց իրական վարկանիշը: Նրանց կարծիքով՝ այն այս պահին ավելի մեծ է:

Միքայել Մելքումյանն, այնուհանդերձ, թվարկեց՝ ինչը կարող էր նպաստել վարկանիշի աճին՝ իրենց ակտիվությունը, պատճառերի թվում չմոռացավ նշել Գագիկ Ծառուկյանի գործոնը, կամ ինչպես ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, իրենց ղեկավարի խարիզմատիկ դիմագիծը։ Խոսեց նաև իշխանության վարկանիշի անկման պատճառներից:

«Երկրում չկան այն ծավալի ներդրումներ, որը պիտի բերեր բարեկեցություն, որը պետք է աշխատատեղեր բերեր շատ և այլն: Կան պաշտոնական թվեր, դա ես չեմ հնարում: Կյանքը, մարդկանց կենսամակարդակը պետք է լավանա, երբ որ մարդը, գնացեք գյուղեր, գյուղական համայնքներ, սոցիալական հարցեր, նոր աշխատատեղեր, մարդիկ աշխատանք պետք է ունենան, այսինքն՝ աշխատելու նպատակով նորից մարդիկ գնում են արտագնա աշխատանքի: Էտպես չի, որ արտագաղթը դադարել է, էտպես չի, որ էական, արմատական բեկում կա մարդկանց ապրելակերպի մեջ: Այդ բոլորը նշանակություն ունի», - ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը կարծում է՝ իշխանության վարկանիշը, քաղաքացիների հետ շփումից դատելով, ավելի ցածր պետք է լիներ. «Մեզ էստեղ գործուղել են մարդիկ, որ ոչ թե մեր ռեյտինգը բարձրացնենք, մեր PR-ով զբաղվենք, այլ որպեսզի խնդիրներ լուծենք: Եվ մենք բերում ենք կոնկրետ խնդիրների լուծումներ: Եթե այդ խնդիրների լուծումները դուր են գալիս քաղաքացիներին, դրա արդյունքում մեր ռեյտինգը բարձրանալու է, եթե մենք չենք կարողանում լուծումներ տալ, ռեյտինգը պիտի իջնի: Ես կարծում եմ նաև՝ կառավարության ռեյտինգի անկումը դրանով է պայմանավորված, որ 30 տարիների ընթացքում, այո, մենք ունենք ծառացած բազմաթիվ խնդիրներ, բայց այդ խնդիրներին չեն տրվում պատշաճ լուծումներ: Վատ կառավարումը նաև այդ խնդիրների լուծումներից մեկն է, որովհետև մենք տարիներ շարունակ ասել ենք, որ ունենք ոչ օպտիմալ, վատ կառավարում, փողերը մսխում, և փաստորեն կառավարությունը դեռ չի կարողանում այդ խնդիրը լուծել: Եվ կադրային հարցն է բավական խնդրահարույց», - նկատեց նա:

«Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանի համար ընդդիմադիրների վարկանիշի աճն անմենևին էլ անակնկալ չէ. - «Որովհետև ընդդիմությունն ի՞նչ, միշտ ավելի շահեկան դիրքերում է, պատասխանատվություն չի կրում, բայց ունի լիակատար ազատություն արտահայտվելու, լիակատար, ուղղակի անսահման լիակատար ազատություն ունի արտահայտվելու՝ ի տարբերություն նախկին ժամանակների: Մարդկանց ազդեցության վրա որոշակի ազդեցություն ունենում է», - հավելեց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG